ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ Ի. Պ. Չնայած այսօր Հայաստանում քաղաքական դաշտում առաջնայինը դարձել են ներքաղաքական հարաբերություններն ու հետընտրական զարգացումները, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում էլ կան զարգացումներ, որոնց վրա հայկական կողմն աչք փակել չի կարող: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասում է` Ադրբեջանը, օգտվելով հանգամանքից, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը ոչ ակտիվ փուլում է, անցկացնում է հակահայկական քարոզչություն տարբեր երկրների խորհրդարաններում. «Այսօր ադրբեջանական դիվանագիտական բոլոր ռեսուրսներն ուղղված են օտարերկրյա խորհրդարանները ղարաբաղյան հակամարտության քննարկումների թիրախ դարձնելուն»: Ինչպես միշտ, ադրբեջանական քարոզչությունը հիմնվում է կեղծիքի ու ապատեղեկատվության վրա, սակայն կա մտավախություն, որ որոշ երկրների խորհրդարաններ կգնան ընդառաջ Ադրբեջանի հակահայկական գործողություններին: Օրինակ` Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Խոջալուի դեպքերի մասին ընդունած բանաձեւը, Սերբիայի ու Բոսնիայի խորհրդարաններում պատրաստվող քննարկումները մտահոգիչ են: Վերջերս էլ Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի շենքում եղավ միջադեպ, երբ Սումգայիթի ջարդերի 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ եղավ քաշքշուկ հայերի ու ադրբեջանցիների միջեւ, ինչի պատճառ էր դարձել այն, որ երկու ադրբեջանցիներ լռության րոպեով չէին հարգել Սումգայիթի ջարդերում զոհվածների հիշատակը եւ հայտարարել էին լռության րոպե` ի հիշատակ Խոջալուի զոհերի: Սրանից հետո Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակը դատի է տվել ադրբեջանցիներին: Նշված դեպքերը, ըստ Արտակ Զաքարյանի, նախադեպեր են, որոնցից հետո Ադրբեջանը կարող է ընդլայնել երկրների աշխարհագրությունը: «Ուստի մեր աշխատանքներն ուղղել ենք կասեցնելու Ադրբեջանի նման գործողությունները: Մեզ մտահոգում է ոչ թե այն, թե ինչպիսի ապատեղեկատվություն է տարածում Ադրբեջանը, այլ մտահոգում է, որ մեր բարեկամ, գործընկեր կամ չեզոք երկրների խորհրդարանները կդառնան դիվանագիտական պատերազմի թատերաբեմ», ասում է Արտակ Զաքարյանը, ըստ որիՙ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը աշխատանքներ է կատարում, որպեսզի մյուս երկրների խորհրդարանները գիտակցեն, որ Ադրբեջանի խնդրանքներն ու առեւտուրը բացասական են անդրադառնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը մեղմելու գործընթացին ու վնասում Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը: Երեկ «Նովոստի» ակումբումՙ ասուլիսի ժամանակ Արտակ Զաքարյանն ավելացրեց, որ Հայաստանի դիվանագիտական ուժերը Սփյուռքի հետ միասին կգործադրեն ամեն ջանք Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական գործընթացները կասեցնելու համար: Բանախոսը հիշեցնում է նաեւ Թուրքիայի մասնակցության մասին. «Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանից` մոռանալով, որ հակահայկական քարոզչության մեջ Թուրքիան անթաքույց օգնում է Ադրբեջանին»: |