ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՑԻ ԱՊԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ Սիրիայում ընթացող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ, ջանադրաբար օգնության է հասնում նաեւ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ: Բացի դրանից` «Առաքելություն Հայաստան»-ի աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները եւ ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ: Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը` Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվող մարդասիրական օգնության նպատակով տրամադրելով 20.000 եվրո: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը եւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը 2013 թ. մարտի 1-ին Գերմանիայի դեսպանությունում հանդիսավորապես ստորագրեցին աջակցության մասին պայմանագիրը: |