«ՀՈՒԶԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՎԻՉ» ՄԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ Հ. Ծ. Փասադենայից (Կալիֆոռնիա) Ջեյսոն Ուելսի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տեղի «Հայկական ցեղասպանության հուշակոթողի հանձնախումբը», մանրակրկիտ քննելով քաղաքի «Հուշահամալիրների այգում» առաջիկայում տեղադրվելիք Հայոց ցեղասպանությունը բնութագրող հուշակոթողների մրցույթին ներկայացված 17 նախագծերը, լավագույնն է ճանաչել Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջի ուսանողուհի Կետրին Մենարի մտահղացումը: Հանձնախումբը միաձայն «հուզականորեն գրավիչ» է որակել նրա նախագիծը, որի հիմնական առանձնահատկությունը երեք իրար վրա հենվող սյուներից ամենաբարձրից 3 վայրկյանը մեկ ջրի կաթիլի անկումն է մեջտեղում գտնվող փորագրված քարե ավազանի մեջ, խորհրդանշելով մեկ կորած կյանք: Մեկ տարվա ընթացքում 1,5 միլիոն «արցունք» է թափվելուՙ ներկայացնելով 1915-18 թվականներին կոտորված հայերի քանակը: Հուշակոթողը պատրաստ է լինելու մինչեւ 2015-ի ապրիլի 24-ըՙ Եղեռնի հարյուրամյակը: Առաջիկա ամիսներին հավաքվելու է համապատասխան բյուջե: «Արցունքաբեր եռասյուն» կոթողի հեղինակ Մենարը 26 տարեկան է եւ խոստովանել է, որ սկզբնական շրջանում իրեն անարժան է համարել նման գործ նախաձեռնելու համար: «Բայց արվեստը ստիպում է խորանալ մարդկային փորձառության ամենախոր ու ամենամութ կողմերի մեջ եւ առաջացնել կարեկցանք ու իրարհասկացողություն: Ես ցանկացա մաս դառնալ այդ ողբերգության եւ գեղեցիկ ու հիշարժան մի բան հորինել», ասել է նաՙ ավելացնելով, որ չափազանց ոգեւորված է աշխատել եւ մշակած երեք գաղափարներից ընտրել է այս մեկը: Հանձնախմբի նախագահ Ուիլյամ Փափարյանը (Փասադենայի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբՙ իրավաբան) նշել է, որ իրենք «խորապես տպավորված» են եղել Մենարի աշխատանքով: |