ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է Այսօր կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2013-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը: Մրցաշարի մեկնարկը տրվել էր անցյալ տարվա նոյեմբերի 14-ին «Բանանցի» եւ «Ալաշկերտի» մրցավեճով: 1/8 եզրափակիչի միակ զույգի մրցավեճում 2 հանդիպումներում էլ դարպասներն անառիկ էին մնացել: Քառորդ եզրափակիչի ուղեգրի բախտը վճռվել էր 11 մ հարվածաշարով, որն ավելի դիպուկ էր իրացրել «Ալաշկերտը»: Այսօր «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում կհյուրընկալի Կապանի «Գանձասարին», որը թեեւ զգալի համալրմանը, նախապատրաստական շրջանում անհաջող ելույթներ ունեցավ: Թիմի կազմն օրերս համալրել է նաեւ Դու Բալան: Բրազիլացի հարձակվողը 2010-ից հանդես էր գալիս «Բանանցում»ՙ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ, սակայն հետագայում ծանր վնասվածք ստացավ: Այսօրվա մյուս խաղում «Փյունիկը» սեփական մարզադպրոցի խաղադաշտում կհյուրընկալի գավաթի անցյալ տարվա եզրափակիչի մասնակից «Իմպուլսին»: Վաղը կկայանան քառորդ եզրափակիչի մյուս 2 հանդիպումները: Գործող գավաթակիր Գյումրիի «Շիրակն» Իջեւանում կհյուրընկալի «Արարատին», իսկ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում «Ուլիսը» կընդունի «Միկային»: Գավաթային բոլոր հանդիպումներն էլ կսկսվեն ժամը 14-ին: |