ՍԱՖԱՐՈՎԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ԿՔՆՆՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու մահափորձի ենթարկված ՀՀ ԶՈՒ ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատ են ներկայացրել Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ, որով պահանջում են ճանաչել, որ Հունգարիայից մարդասպան Ռամիլ Սաֆարովին փոխանցումը, Ադրբեջանում վերջինիս ներումն ու արդարացում-հերոսացումը խախտում են ՄԻԵԴ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) եւ 14-րդ հոդվածով (խտրականության արգելք): ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբՙ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը վարույթում կներգրավվի որպես երրորդ կողմ: «Սա անհատական ներկայացված գանգատ է, այդ իսկ պատճառով Հայաստանն այս փուլում եվրոպական դատարանում ընթացող վարույթում մասնակցություն չի ունենալու: Այն ժամանակ, երբ մենք կներգրավվենք վարույթին որպես երրորդ կողմ, ջանասիրաբար ու արդյունավետ կիրականացնենք ՀՀ շահերի պատշաճ ներկայացումը», ասաց փոխնախարարըՙ հավելելով, որ վարույթ ընդունելու գործընթացը բավականաչափ երկար է տեւելու, ինչը բնորոշ է այդ դատարանին: Հետեւաբար, առիթ չկա շտապելու եւ հայտարարելու, որ վարույթն արդեն ընդունվել է: «Բայց նկատի ունենալով այն աշխատանքը, որ փաստաբանական խումբը կատարել է գանգատը նախապատրաստելիս, վստահ ենքՙ գանգատը կհաղթահարի ձեւական բարիերներն ու կարձանագրվի առաջընթաց: Մի քանի բան հստակ է. նախՙ խախտման փաստի ճանաչումը, ինչը շատ կարեւոր է հետագայում նման դեպքերի կանխարգելման համար: Հետագայում, երբ մենք ունենանք ՄԻԵԴ-ի վճիռը, հնարավոր է, որ նոր գործընթաց սկսվի, որը ոչ թե դատարանում է իրականացվելու, այլ ԵԽ նախարարների կոմիտեում, որն էլ վերահսկելու է, թե ինչ եղանակներով է վճիռը հնարավոր կատարել», ասաց Մելիքյանըՙ հավելելով, որ վճիռների կատարման տարբեր եղանակներ կան, այդ թվում եւ մինչեւ խախտումը եղած վիճակի վերականգնումը: Փոխնախարարի խոսքերովՙ դեռ վաղաժամ է խոսել արդյունքների մասին, քանի որ դեռ պետք է լինեն գործընթաց ու վճիռ, սակայն մի բան հստակ է. «Միջազգային իրավունքը հարուստ է բազմապիսի գործիքներով, որոնք հնարավորություն են տալիս խախտման փաստի հետ կապված ունենալ դրական արդյունք»: Միջազգային պրակտիկայում նման համաներման նախադեպ դեռ չի գրանցվել, ու արձագանքն էլ կլինի համապատասխան: «Նման գործ եվրոպական դատարանում չի եղել, այսպիսի խայտառակ խախտում չի եղել, երբ դատապարտված մարդասպանին ոչ միայն ներում են շնորհում, այլեւ վերականգնում աշխատավարձն ու պաշտոնը: Գործին պետք է համարժեք գնահատական տրվի»: Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի մեկնաբանությամբՙ նախարարությունը վերջին ամիսներին ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնելու Ադրբեջանի կատարած քայլի ոչ իրավաչափ լինելը միջազգային իրավունքի տեսանկյունից: «Նախ խնդրի մասին պետք է բարձրաձայնվի ԵԽ-ումՙ կոնվենցիաների կիրառման հարցերով փորձագիտական խմբին, որով պահանջվում է քննարկել 1983 թ. դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի կոնվենցիայի 12-րդ հոդվածը (համաներում եւ ներում շնորհելու իրավունք վերապահող)ՙ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նախապատրաստվում է եւ առաջիկայում ներկայացվելու է դիմում ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեՙ ուշադրություն հրավիրելով ոչ միայն կոնկրետ դեպքին, այլեւ Ադրբեջանի իրականացրած հակահայկական խտրականության քաղաքականությանը, հայերի նկատմամբ ատելության քարոզմանը Ադրբեջանում»: Հիշեցնենք, որ 2006-ի ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկմանՙ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 2012-ի օգոստոսի 31-ին հունգարական կառավարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: Բաքվում Սաֆարովին դիմավորեցին որպես ազգային հերոսի, Ադրբեջանի նախագահը նրան ներում շնորհեց, նվիրեց բնակարան, 8 տարվա կուտակված աշխատավարձն ու մայորի կոչում: Դեպքից հետո Հայաստանը խզեց դիվանագիտական բոլոր հարաբերությունները Հունգարիայի հետ, կատարվածն արժանացավ միջազգային հանրության սուր քննադատությանն ու դատապարտմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբՙ Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ: |