RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Տեղադրվել է` 2013-03-01 23:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1630, Տպվել է` 137, Ուղարկվել է էլ.փոստով` 80

«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՃԱԽ ԵՆ ԿԱՇԱՌՎՈՒՄ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԲԵՔ»

Հայ մտավորականների մի խումբ

Այս տարիՙ 2013 թ. օգոստոսի 29-ին լրանում է Գարեգին Նժդեհի մասունքները հայրենիք բերելու եւ մայր հողին հանձնելու 30-ամյակը:

Մասունքներն ամփոփելու վայրերըՙ Խուստուփ լեռան ստորոտում Կոզն աղբյուրի մոտ, Գլաձորի Սպիտակավոր վանքը, իսկ ավելի ուշ Կապան քաղաքում կառուցված հուշահամալիրը, դարձել են ուխտատեղիներ:

Ուխտագնացության օրերն են հունիսի 17-ըՙ Գլաձորի Սպիտակավոր վանք, հոկտեմբերի 7-ըՙ Խուստուփ: Աճյունի տեղափոխման, հողին հանձնելու եւ ուխտագնացությունների մասին օրագրային մանրամասնությունները, ամենայն մանրամասնությամբ հրապարակված են լուսահոգի Արցախ Բունիաթյանի «Նժդեհի վերադարձը» գրքում:

Ավելի քան 25 տարի է, ինչ ուխտագնացների մի մասը հունիսի 16-ին հավաքվում է Սպիտակավոր վանքի մոտ: Գիշերում: Գիշերը 00:00 ժամին մտնում են վանք, աղոթում, հոգեւոր երգեր երգում, մոմ վառում եւ հավաքվում կրակի շուրջը: Հաջորդ օրըՙ հունիսի 17-ին, ժամը 13-ին նորից մտնում են վանք, որից հետո հավաքվում Նժդեհի շիրիմի մոտ, խնկարկում, մոմ վառում, շատերն իրենց սրտի խոսքն են ասում եւ ցրվում:

Հոկտեմբերի 6-ին դարձյալ ուխտավորների մի մասը հավաքվում է Խուստուփ լեռան լանջինՙ Կոզն աղբյուրի մոտ, անկախ եղանակային պայմաններից, խարույկ վառում: Իսկ ճիշտ գիշերվա 00:00 ժամին հավաքվում են հուշաքարի մոտ, մոմ վառում, աղոթում, երգում... Շատերը ողջ գիշերն անցկացնում են խարույկի մոտ, մի մասը վրաններում կամ ով ինչպես կարող է: Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին նորից հավաքվում են հուշաքարի մոտ:

Ամեն ուխտագնացության ավարտից առաջ բոլորը կրկնում են Արցախ Բունիաթյանի երդումըՙ «Եթե չգամ, իմացի՛ր չկամ»:

Ուխտագնացներս այսպես ենք ոգեկոչում մեծ հայ, նահատակ Գարեգին Նժդեհի անմահ հիշատակը:

Բայց ահա թե ինչպես է ներկայացնում մասունքների տեղափոխման մտահղացումը հարգարժան պատմաբան, ազգային եւ հանրային գործիչ Ռաֆայել Համբարձումյանը իր «Գարեգին Նժդեհ, ամողջական կենսագրութիւն» գրքի 443-րդ էջում:

«Հայ մտաւորականների մի խումբ (Գուրգեն Արմաղանեան, ուրարտագէտ Մարգոյ Իսրայելեան, պրոֆ. Վարագ Առաքելեան) 1980-ական թթ. սկզբին պատմաբան, ազգային բազմարդիւն, բայց շատ համեստ գործիչ Նիկոլ Կարապետեանի մտայղացումով ու նախաձեռնութեամբ որոշում են Նժդեհի աճիւնը բերել հայրենիք: ... 1987 թ. սկսած աճիւնը դառնում է ուխտատեղի»:

Երկար ժամանակ ծախսեցինք, փորփրեցինք մեր հիշողությունները, օրագրերը նորից թերթեցինք, սակայն ոչ մի հետք չգտանք ուրարտագետի մասնակցության մասին: Բացի պրոֆ. Վարագ Առաքելյանից, Մարգո Իսրայելյանի հետ ոչ ոք ծանոթ չի եղել, իսկ եթե հանգուցյալ պրոֆեսորն է հայտնել նրան կամ տեղյակ պահել, մեզ ոչինչ հայտնի չէ: Պրոֆեսորն այնքան զգուշավոր էր, որ ուղիղ 4 տարի իր տանը պահված մասունքների մասին կինն անգամ չի իմացել:

Միանգամից նշենք նաեւ, որ հարգարժան Նիկոլ Կարապետյանը մեկ տարի առաջ 1982 թ. արդեն մահացել էր: Եվս մեկ այլ դրվագ կապված Նիկոլ Կարապետյանի հետ: 1979 թ.-ին, երբ նա ցույց տվեց Արամ Մանուկյանի գերեզմանի տեղը Թոխմախի գերեզմանատանն ու հենց գերեզմանի մոտ բարձրաձայն ասվեց, որ այստեղ անպայման պետք է խաչքար դնել (ի դեպ, խաչքարը տեղադրվեց 1982 թ. օգոստոսի 11-ին), նա խիստ ու վճռական տոնով ասաց. «Չի կարելի, այստեղ ուխտատեղի կդառնա, եւ ԿԳԲ-ն կսկսի մարդաորսը, ափսոս է մեր երիտասարդությունը, դեռ ժամանակը չի»:

Արդյոք այդքան արագ փոխվե՞ց եւ կյանքի վերջին օրերին որոշեց երիտասարդությանն այդ վտանգավոր քայլի՞ն մղելու: Չի բացառվում...

Մեզ հարեւան հորջորջվող «պատմաբանները» նույնիսկ ինչ-որ տեղ ստիպված են կեղծելու, նենգափոխելու, հորինելու պատմությունը, որովհետեւ միայն այդ ճանապարհով կարող են փորձել սեփականացնելու մեր երկիրը, մեր մշակույթը, մեր հայրենիքը: Նրանք չեն խնայում իրենց մի թեյի գդալ սեւ իկրան այլազգի պատմաբաններին կաշառելու համար:

Մենք չկարողացանք գտնել պատմաբան, ազգային եւ հանրային գործիչ Ռ. Համբարձումյանի հորինվածքի աղբյուրները եւ նպատակները:

Մենքՙ «հայ մտավորականների մի խումբ» եւ մյուս ուխտավորները, ուրախ ենք նժդեհյան սուրբ մասունքների հայրենիքում գտնվելու եւ մեր ուխտագնացությունների համար:

Իսկ հարգարժան պատմաբանն էլ թող ուրախանա իր հորինվածքներով ու փաստերը կեղծելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ