ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԿՈՒ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԼԻՆԵԼՈՒ Մ. Խ. Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ լրագրողների հետ խոսում էր այն մասին, որ փողոցում (հանրահավաքները նկատի ուներ) նոր մշակույթ է ներմուծվել, երբ կողմերը` ընդդիմություն ու ոստիկանություն, չեն գնում կոշտ մոտեցումների, եւ ոչ ոք չի կասկածում, որ այդպես էլ շարունակվելու է: «Սադրանքները բացառո՞ւմ եք», հետաքրքրվեց «Ազգը», մենք նկատի ունեինք այն, որ բոլորովին այլ կողմերի եւ շահերի կրողների դա կարող է դուր չգալ. «Աստված չանի, նման մարդը հայ կոչվելու արժանի չէ: Մենք շատ բարդ ժամանակահատվածում ենք ապրում, ոչինչ չեմ կարող բացառել, ուղղակի կարող եմ համոզմունք հայտնել, որ ոստիկանությունն ամեն ինչ պետք է անի` նման իրավիճակներ բացառելու համար: Ոստիկանության գլխավոր պարտականությունը քաղաքացիների իրավունքների եւ դրանց պաշտպանության իրականացումն է: Եվ դա ենթադրում է ինչպես միտինգի մասնակիցների, այնպես էլ մյուսների իրավունքների պաշտպանությունը: Եվ ոստիկանությունը շատ հստակ այդ գործողությունները կատարում է», համոզված էր արդարադատության նախարարը: Հետաքրքրական է, որ մոտակա ամիսը հանրահավաքային է, տեսնենք, թե արդարադատության նախարարի այս կարծիքը որքան ժամանակի կհերիքի: Այս իմաստով մի հետաքրքրական փաստ եւս. մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը իրազեկված հանրահավաք էր անցկացնելու Ազատության հրապարակում: Բայց երեկ պարզվեց, որ քաղաքապետարանը նույն օրվա համար ի գիտություն է ընդունել նաեւ «Ժառանգության»` հանրահավաք անցկացնելու հայտը: ՀԱԿ-ի տարածած հայտարարությամբ երեկ պարզ դարձավ, որ նախօրոք հայտարարված հանրահավաքն ու երթը ՀԱԿ-ը չեղյալ է հայտարարել, նպատակահարմար չհամարելով նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը նույն վայրում, եւ կոչ է արել համակիրներին հավաքվել Մյասնիկյան հրապարակում, այնտեղ հարգանքի տուրք մատուցելով մարտի 1-ի զոհերի հիշատակին: Փաստորեն այդ օրը Երեւանում 2 հանրահավաք է լինելու, ու հետաքրքրական է, թե արդյոք ՀԱԿ-ի համակիրների մեծ մասը չի հայտնվի՞ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքում, եւ ընդհանրապես` այդ օրը ի՞նչ տեսք կստանա Հրայր Թովմասյանի ասած նոր մշակույթը: |