RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2366, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՍԵՐԺԻ ՆԱՄԱԿԸ ՍԵՐԺԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագահական ընտրություններից հետո հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվում: Ընդդիմության առաջնորդը շարունակում է հանրահավաքները, իշխանությունը փաստում է, որ իր թեկնածուն է հաղթել. համալսարաններում որոշ երիտասարդներ արդեն երրորդ օրը փորձում են դասադուլ կազմակերպել: Հետընտրական զարգացումներից անմասն չմնացին նաեւ արվեստագետները:

Երեկ Սերժ Սարգսյանին նամակ է հղել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանը: Շնորհավորելով նախագահինՙ Թանգյանը գրել է. «Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով դուք այժմ նորից նախագահ եք: Տարիներ առաջ ես արշավանք սկսեցիՙ խնդրելով նախագահ Օբամայինՙ հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց: Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար կեղծավորություն թվա:

Դուք նաեւ պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը եւ լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչՙ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական կլինեն: Սե՛րժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման ես միշտ վարանել եմ ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք: Հայաստանն անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության, առավել քան որեւէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել օրենքից բարձր: Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական օրինակով եւ նախագահական հրովարտակով: Միացեք մեզ, ոգեւորեք մեզ», գրել է Սերժ Թանգյանըՙ հարց տալով նախագահինՙ «Դուք ներքուստ հավատո՞ւմ եք, որ հաղթել եք»:

Երեկոյան «Ազգ»-ն ստացավ Սերժ Սարգսյանի նամակը երաժշտին: «Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է եւ դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սերժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալուՙ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: «Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՚րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրություններն ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության եւ պետականության հետ աղերս չունեցողՙ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»:

«Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ 10-ամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան բոլորի պատերազմը բոլորի դեմ: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. «Եվ ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն, Սե՛րժ»: Ի՞նչ ենք պատասխանելու նրան, որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը, չի՛ հավատա մեզ... Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ: Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմՙ Գլենդելից մինչեւ Ստեփանակերտ, Մելբուռնից մինչեւ Մոսկվա: Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում եսՙ ներքուստ համոզվա՞ծ եմ: Պատասխանում եմՙ միշտ եմ համոզված եղել, ամեն ինչում, ինչ արել եմՙ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերիՙ իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած եւ տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ