ՄԱՐՋՈՐԻ ՀՈՒՍԵՓՅԱՆ-ԴՈԲԿԻՆ. ԴԻՄԱՆԿԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Մարջորի Հուսեփյան-Դոբկինի մահով մենք ոչ միայն մի անհատ գրողի վախճանն ենք արձանագրում, այլեւ կորուստը նախաձեռնող մի ամբողջ սերնդի ղեկավար մի անդամի եւ ավարտը մի դարաշրջանի, որի արժեքները, երազանքները, դրդապատճառներն ու հավաքական նպատակները չափազանց տարբեր բնույթ էին կրում: Դոբկինը մեծացել էր «լիակատար սիրո մթնոլորտում», որ հետագայում դարձավ խորագիրը իր բեստսելլեր դարձած գրքիՙ «Houseful of Love»: Այդ մթնոլորտի «հիմնադիրներն» էին դոկտ. Մովսես եւ Մաքրուհի Հուսեփյանները, որոնք ոչ միայն հավատարիմ էին մնացել հայկական ընտանեկան արժեքների պահպանմանը, այլեւ նշանակալի դերակատարություն ունեցել ամերիկահայ նորափթիթ համայնքի ձեւավորման գործում: Այդ ժամանակաշրջանում հայերը դեռեւս սերտորեն կապված էին իրենց արմատներին, եւ համայնական երազանքները դեռ իրական հնչեղություն ունեին: Մարջորին հասակ առավ եռուն շրջանում այդ նոր ձեւավորվող համայնքի, որի իդեալները չափազանց կենսունակ էին: Մայրըՙ Մաքրուհին, երկարամյա ականավոր անդամներից էր ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության: Նա այդ վարչության խիղճն էր, մինչդեռ Ալեք Մանուկյանըՙ նրա բանական միտքն ու գործող մկանը: Համաշխարհային երկրորդ պատերազմն ավարտվեց դաշնակիցների հաղթանակով: Դրանում հայերն ու Հայաստանը ունեցան իրենց նշանակալի ավանդը, հատկապես Խորհրդային Միության գործադրած անվեհեր ջանքերի շնորհիվ: Թվում էր, թե հայերի երազանքները շուտով իրականություն կդառնան: Հայ համայնքներն ամենուրեք մոբիլիզացվել էին, եւ ամերիկահայ համայնքը ղեկավար մղիչ ուժն էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական տարածքների փոխհատուցմանՙ վիլսոնյան Հայաստանի իրականացման հարցերում: Այդ երազանքներն ու ջանքերն այսօր միայն ցինիկ ժպիտ կարող են առաջացնել որոշ հայերի դեմքերին: Երբ ՄԱԿ-ի կանոնադրությունն էր ընդունվում 1945-ին Սան Ֆրանցիսկոյումՙ հիսուն պետությունների մասնակցությամբ, հայերը փորձեցին իրենց պահանջները ներառել տալ: Հայ ազգային խորհուրդը պահանջում էր պատմական Հայաստանի վերադարձը եւ Խորհրդային Հայաստանի Հանրապետությանը: Մարջորի Հուսեփյանի հայրը հայերի պահանջների հուշագիրը կազմող ղեկավար անձնավորություններից մեկն էր: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ հույսերով, սպասելիքներով եւ խանդավառությամբ էին լցված այդ ղեկավարները եւ նրանց ընտանիքները այդ օրերին: Այդ հույսերին եւ խանդավառությանը եկավ նոր լիցք ավելացնելու այն լուրը, թե Խորհրդային Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը 1946-ին բարձրացնելու է Թուրքիայից հայկական տարածքների պահանջատիրության հարցը, որպեսզի կես միլիոն մազապուրծ հայեր հայրենադարձվեն Հայաստան: Այդ բոլոր երազանքներն ու եռանդուն ջանքերը շուտով, սակայն, հօդս ցնդեցին, երբ Ուինստոն Չերչիլը 1947 թվին Ֆուլտոնում (Միսուրի, ԱՄՆ) արտասանած ճառով երկաթյա վարագույր քաշեց Խորհրդային Միության շուրջը: Ահա այս մթնոլորտում հասակ առավ Մարջորի Հուսեփյանը, «կլանելով» այդ ժամանակվա հայկական ընտանիքներում տիրող զգացմունքներն ու գաղափարները: Եվ այն, ինչ ներաշխարհում կուտակված էր, պետք է իր արտահայտությունը գտներ երկու որոշակիՙ գրականության եւ ակադեմիական հետազոտության բնագավառներում: Իր գրական ստեղծագործություններում, կարճ պատմվածքներում եւ էսսեներում նա առաջիններից էր, որ հայկական ընտանեկան կյանքը «ներարկեց» ամերիկյան համընդհանուր գրականության մեջ: Այդ գործում մեր մյուս դերակատարներն էին Վիլյամ Սարոյանը, Լեւոն Սյուրմելյանը, Լեւոն Հերալդ Սրաբյանը, Ռիչարդ Հակոբյանը, Արչի Մինասյանը եւ ուրիշներ: Մարջորին նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ ջատագովներից էր: Նրաՙ 1966-ին հրատարակված հոդվածըՙ «Չհիշատակվող ցեղասպանությունը» վերնագրով, լուրջ ներդրում էր ակադեմիական շրջանակներում այդ հարցի իրազեկման գործում: 1922-ին մի ամբողջ քաղաք հրկիզելու եւ բնակչությանը ծովում խեղդամահ անելու քեմալական թուրքերի «մոնումենտալ» ոճիրը հայերից բացի վերաբերում էր նաեւ հույներին: Փաստերն ու վկայությունները անթիվ, անհամար էին: Պետք էր միայն ակադեմիական լուրջ վերաբերմունք ցուցաբերել: Դոբկինը եղավ այն անձնավորությունը, որ իր վրա վերցրեց այդ ծանր բեռը եւ անխոնջ պատմաբանի լուրջ գիտակցությամբ լույս ընծայեց «Smyrnia 1922: The Destruction of a city» (Զմյուռնիա, 1922: Մի քաղաքի ավերումը) վերնագրով հատորը: Մարջորին դասվում է գրականության եւ գիտական աշխատանքների ասպարեզների ռահվիրանների շարքում: Երիտասարդ շատ գրողներ հետեւում են նրա գծած ուղուն եւ պարտական են նրան իր տաղանդի, համարձակության եւ նախաձեռնող ոգու համար: Երիտասարդ պատմաբաններ եւ գիտաշխատողներ նույնպես ընդօրինակում են նրա խորաթափանցությունը թուրքական ժխտողական քաղաքականության դեմ իրենց հեղինակած գրքերում: Ռամկավար Ազատական կուսակցության ակնառու ղեկավարներից լինելովՙ դոկտ. Մովսես Հուսեփյանը հավատարիմ ընթերցողներից էր «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, որը դարձավ նաեւ Մարջորիի նախասիրելի պարբերաթերթը: Նա շատ անգամ է մասնակցել թերթի հրատարակման տարեդարձերինՙ միշտ իր խոր վերլուծականները տալով նրա բովանդակության վերաբերյալ: Մարջորին հավերժության ճանապարհին միանալով իր հորն ու մորը, վստահաբար հպարտությամբ է նայում, նրանց հետ, ընտանիքի շառավիղը հանդիսացող անդամներինՙ դոկտ. Էդգար Հուսեփյանին եւ մյուսներին, որոնք շարունակում են առաջ տանել ընտանեկան ավանդույթները միեւնույն իդեալիզմով եւ խանդավառությամբ: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ. |