RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1272, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍԵՐԲԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՐԳԵՎԸ

ՌՈԻԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Սերբական Պոժեգա քաղաքում լույս տեսնող հանրահայտ «Սվիտակ» գրական ամսագիրը արդեն մի քանի տարի է ինչ սահմանել է ամենամյա պարգեւագիր, որ տրվում է գրականության ու լեզվի մաքրության պահպանման բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Այս տարի պարգեւագիրը շնորհվել է մեր հայրենակից, ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ եւ մշակույթի գործիչ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին, որը մոտ չորս տասնամյակ զբաղվում է հայ-սերբական գրական կապերով եւ շուրջ քսան տարի համագործակցում է «Սվիտակ» ամսագրի խմբագրության հետ: Ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Միլյան Դեսպոտովիչը դեռ 2012 թվականի սկզբներին շնորհավորելով Բաբկեն Սիմոնյանին ծննդյան 60-ամյակի առթիվ, տեղեկացրել է նրան պարգեւատրելու իր նախաձեռնության մասին: Նշենք, որ մինչ այդ գրողի ծննդյան 60-ամյակի առթիվ նրան «Ոսկե մեդալով» է պարգեւատրել Հայաստանի մշակույթի նախարարությունը, այնուհետեւ անցյալ տարվա աշնանը սերբական Սրեմսկի Կարլովցի քաղաքում Սիմոնյանին շնորհվել է «Բրանկո Ռադիչեւիչ» միջազգային գրական մրցանակ, որ տրվում է օտարազգի գրողներին` սերբական գրականության ու մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար:

Բարձր գնահատելով հայ-սերբական գրական եւ մշակութային կապերի բնագավառում Բաբկեն Սիմոնյանի հսկայական ավանդը, նրա գործունեությանն են անդրադարձել ոչ միայն հայկական զանգվածային լրատվամիջոցները, այլեւ սերբական հեղինակավոր հրատարակություններ, ինչպիսիք են բելգրադյան «Պոլիտիկա», «Վեչերնյե նովոստի», «Բլից», «Կնիժեւնե նովինե», Նովի Սադում լույս տեսնող «Դնեվնիկ» թերթերը, ինչպես նաեւ տեղի ռադիոն ու հեռուստատեսությունը:

2012-ին Բաբկեն Սիմոնյանի ստացած երեք պարգեւները նոր լիցք են հաղորդել նրան ու նա ձեռնամուխ է եղել գրական-մշակութային բազմաբնույթ գործերի իրականացմանը: Վերջին մի քանի տարում թարգմանել է հատվածներ 19-րդ դարի սերբ բանաստեղծ, Չեռնոգորիայի տիրակալ Պետար Պետրովիչ Նեգոշի «Լեռնային պսակ» հանճարեղ պոեմից, նրա «Դարից թանկ գիշերը» բանաստեղծությունը, որ սերբական քնարերգության մարգարիտներից է, նաեւ սերբ ժամանակակից բանաստեղծների` Հայաստանին նվիրված գործեր: Հայերենից սերբերեն է թարգմանել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որ նույնքան բնական ու գեղեցիկ է հնչում, որքան բնագրով:

Անդրադառնալով «Սվիտակ» ամսագրի հետ ստեղծված համագործակցությանը, ավելացնենք, որ Բաբկեն Սիմոնյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ամսագրում ներկայացնելու հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններ: «Սվիտակ»-ի գլխավոր խմբագիր Միլյան Դեսպոտովիչը սիրով է համաձայնել ամսագրի էջերը տրամադրել հայ ժամանակակից պոեզիային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ