ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է Ֆրանսիական Քափել լա Գրանդում ընթացող շախմատի մրցաշարում կայացան 3-րդ եւ 4-րդ տուրերի հանդիպումները: Մրցաշարի մասնակից հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը 3,5 միավորով 9 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին 2 տուրերը հաղթական էին Սամվելի համար, որն առավելության հասավ Ռամոն Մաթեոյի եւ Ռալֆ Մյուլլերի նկատմամբ: 5-րդ տուրում նա սեւերով կմրցի առաջատարների խմբում գտնվող Յուրի Վովկի հետ: Առաջատարներին հետապնդող շախմատիստների թվում են Կարեն Գրիգորյանը, Էլինա Դանիելյանը եւ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը, որոնք ունեն 3-ական միավոր: Կարեն Գրիգորյանը 3-րդ տուրում հաղթեց Միխայել Ջեանիին, իսկ հաջորդ պարտիայում ոչ-ոքի խաղաց Արտյոմ Տիմոֆեեւի հետ: Տիգրան Ղարամյանը հերթական մրցախաղերում հաշտություն կնքեց Վլադիմիր Պետկովի եւ Վերեսլավ Էյնգորնի հետ: Նույնպիսի ավարտ ունեցան նաեւ Էլինա Դանիելյանի պարտիաները Վասիլի Պապինի եւ Վլադիսլավ Բորովիկովի հետ: 2,5-ական միավոր են վաստակել Հովհաննես Գաբուզյանը, Եվգենիա Դոլուխանովան եւ Դավիթ Հարությունյանը: Գաբուզյանը 3-րդ տուրում հաղթեց Օլգա Վրուբլյովսկայային, սակայն հաջորդ մրցախաղում պարտվեց Ալեքսեյ Ֆյոդորովին: 2-ական միավոր ունեն Ռոբերտ Աղասարյանն ու Կարինա Համբարձումովան: |