ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ. «ԿԱՌԼՍԵՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ՉԵՄՊԻՈՆԸ» Նրա ամենալուրջ մրցակիցը Լեւոն Արոնյանն է Ապրիլի 13-ին լրանում է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի ծննդյան 50-ամյակը: Այդ առիթով «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթն ընդարձակ հարցազրույց է ունեցել Կասպարովի հետ: Մի շարք հարցերի թվում Կասպարովն անդրադարձել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար առաջիկայում կայանալիք պայքարին, իր կարծիքն է արտահայտել Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի վերաբերյալ: Ըստ Կասպարովի, աշխարհի 16-րդ չեմպիոնը լինելու է Մագնուս Կառլսենը, որի հետ Գարին մեկ տարուց ավելի աշխատել է: Ընթերցողներին ենք ներկայացնում վերը նշված հատվածը: Մագնուս Կառլսենի հետ աշխատել եմ մեկ տարուց ավելի, 2009-ից, Վեյք Ան Զեեի մի մրցաշարից մինչեւ մյուսը: Դա շատ հետաքրքրական աշխատանք էր: Դեռեւս 2004-ին նրա հետ Ռեյկյավիկում արագ շախմատի մրցախաղ անցկացնելով, համոզվել էի, որ Կառլսենը Ֆիշերի եւ Կարպովի տրամաչափի յուրօրինակ տաղանդ է: Ուստի երբ առաջարկ ստացա աշխատելու Կառլսենի հետ, սիրով համաձայնվեցի: Ցանկանում էի ուժերս փորձարկել նաեւ մարզչական աշխատանքում: Նման փորձ ունեի Բոտվիննիկի անվան շախմատի դպրոցում 1986-87-ին աշխատելիս: Ժամանակինՙ 1973-1978-ին ինքս ուսանել եմ այդ դպրոցում: Կառլսենի վերջին շրջանի ելույթներն ապացուցում են իմ գուշակությունների իրավացիությունը, որ նպատակասլաց աշխատանքի դեպքում նա կգերազանցի բոլոր ռեկորդները: Ի դեպ, նա ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով գերազանցեց իմ ռեկորդը, որն անսասան էր 13 տարի (1999-2012) շարունակ: Շուտով մեկնարկելիք հավակնորդների մրցաշարում նորվեգացի գրոսմայստերը հաղթողի գլխավոր թեկնածուն է: Թեեւ չեմ կարող 100 տոկոսով վստահ լինել, որ նա անպայման հաղթող կդառնա: Կառլսենն այսօր իրոք աշխարհի ուժեղագույն շախմատիստն է, ուստի տրամաբանական կլինի, որ նա հռչակվի աշխարհի 16-րդ չեմպիոն: Ավելի զարմանալի կլինի, եթե նրան չհաջողվի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Լոնդոնում Կառլսենին կդիմագրավեն ԽՍՀՄ-ում ծնված 7 գրոսմայստերներ, որոնցից 3-ը (Կրամնիկ, Գրիշչուկ, Սվիդլեր) ռուս են: Ելնելով շախմատային տրամաբանությունից, Մագնուս Կառլսենի ամենաիրական մրցակիցը Լեւոն Արոնյանն է: Նա շատ է աշխատում: Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում շախմատին եւ Լեւոնը շատ ուժեղ թիմ ունի: Թե՛ իր տարիքով, թե՛ հաղթելու վճռականությամբ Լեւոնը կարող է լրջորեն մրցակցել Կառլսենի հետ: Կրամնիկին էլ հաշվից չէի հանի, թեեւ վերջերս ծնվել է նրա 2-րդ երեխան: Կրամնիկն ընտանիքին նվիրված անձնավորություն է եւ ընտանեկան հոգսերը նրան կարող են որոշ չափով շեղել շախմատից: Իսկ ահա Մագնուսն ամբողջովին կենտրոնացված է շախմատի վրա: Հավակնորդների մրցաշարը կորոշի, թե ով է շախմատային թագը վիճարկելու Անանդի հետ: Նրա խաղում անկում է նկատվում: Ուստի Լոնդոնի մրցաշարի հաղթողը հիանալի հնարավորություն կունենա պարտության մատնելու Անանդին: |