RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՍԿԻԶԲ

Տեսնենք, թե ով է մեր նախագահը, ովքեր են նախարարները, պատգամավորներն ու պաշտոնյաները:

Նախագահ բառն այժմ նշանակում է «պետության գլուխ, գերագույն գահը ներկայացնող (պրեզիդենտ)»: Ինչպես գիտենք, այս բառը բազմաթիվ նշանակություններ ունիՙ «ժողովը ղեկավարող անձ, մի քանի կազմակերպությունների ղեկավար պաշտոնյա եւ այլն»: Այս բառը ծագել է գահ արմատից, որ փոխառություն է պարսկերենից եւ նշանակում է «բարձր նստարան, պատվի աթոռ»: Չնայած կա նաեւ մեկ այլ գահ բառ, որ նշանակում է «դատ, բարձր տեղ, ժայռերի գլուխ»: Հր. Աճառյանն ասում է, որ դրանք հավանաբար նույն բառերն են, բայց չի մեկնաբանում նախագահ բառի նախ ածանցը, որը «առաջ, առաջուց, գլխիվայր, հինը, առաջինը» նշանակություններով նախ նախածանցն է, կամ նախարար բառի նախ -ը, որը պարսկերեն է եւ նշանակում է «պորտ, ցեղ»: Այսինքնՙ նախագահ -ը օտար է: Այժմ դառնանք նախարարին:

Նախարար բառի համար «Արմատականը» տալիս է «իշխանական մի աստիճան հին հայոց մեջ, իշխան, ավագանի» նշանակությունները: Համարվում է իրանական փոխառություն նաֆադարա ձեւից, որի առաջին բաղադրիչըՙ նաֆա , նշանակում է «պորտ, ցեղ», իսկ երկրորդ բաղադրիչըՙ դարա , նշանակում է «պետ»: Այսինքնՙ նախարար նշանակել է «ցեղապետ»: Սկզբնապես իրանյան բառը հայերենում դարձել է նահարար , բայց հետո ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է նախարար , իբր «արարոց կամ կալվածների առաջինը կամ գլխավորը»: Նույնատիպ բառ է նահապետը , որը գրվել է նաեւ նախապետ : Վրացիները փոխառել են մեզանիցՙ նախպետի :

Այսպիսով, նախարար -ն էլ է օտար:

Դառնանք պատգամավոր բառին: Պատգամ բառը, ըստ «Արմատականի» նշանակում է «հրաման, պատվեր, վճիռ, լուր, համբավ»: Առաջացել է իրանյան պատգամ նույն նշանակությամբ բառից: Նշանակում էՙ պատգամավոր -ն էլ է օտար:

Նույն ճակատագիրն ունի նաեւ պաշտոնյա բառը, որը հայերս դարձյալ փոխառել ենք պարսկերենից: Առաջացել է պաշտել բառի «ծառայել, սպասավորել, հոգ տանել» նշանակություններից: Պարսկերենում նախապես նշանակել է «պաշտամունք, երկրպագություն»:

Այսինքնՙ պաշտոնյա -ն նույնպես օտար է մեզ:

Այժմ տեսնենք, թե նախագահ, նախարար, պատգամավոր եւ ընդհանրապես պաշտոնյա հասկացությունները միավորող բառ կա՞ հայերենում: Նախկինում (խորհրդային շրջանում) դա նոմենկլատուրա -ն էր, որը օտար էր: Շատ ավելի վաղ ժամանակներում դա գահնամակ բառն էր, որը նշանակում էր «նախարարների պատվո աստիճանների ցուցակը», ինչպես որ «նոմենկլատուրան»ՙ բարձրաստիճան պաշտոնյաների հաշվեցուցակը:

Գահնամակ -ը կազմված էր պարսկերեն գահ «գահ, պատվո աստիճան» եւ նամակ «գրություն, գրվածք» բառերից: Այսինքնՙ գահնամակ -ն էլ է օտար: Եվ գահնամակի մեջ մտնողները պետք է լավ հիշեն, որ կա նաեւ գահավիժել բառը, որը նշանակում է «բարձունքից շեշտակիորեն ներքեւ իջնել, ընկնել»:

Այս ամենը կազմում է պետություն -ը, որը պարսկերեն պետ բառից է, այսինքնՙ էլի օտար է: Մի՞թե սա է պատճառը, որ մենք մեզ օտարի պես ենք պահում նախագահի, նախարարի, պատգամավորի, պաշտոնյայի եւ պետության հանդեպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ