ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ Երբեմն մենք իսպառ մոռանում ենք մեր բառերը եւ հետագայում ստիպված ուրիշից փոխառում բառեր տվյալ հասկացության համար: Այդպիսի մի քանի բառի մասին արդեն խոսել ենք: Այս անգամ կխոսենք պարեգոտ բառի մասին: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակում այս բառը ժամանակակից իմաստով: Ցավոք, այս բառը համարվում է հնացած եւ նշանակում է «թեթեւ վերնազգեստ, թիկնոց»: Իսկ ինչու՞ այս բառը չենք գործածում նաեւ հիմա, ասենք, այսքան տարածված պլաշչ կամ կուրտկա բառերից մեկի փոխարեն: Պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ պարեգոտ -ը համարվել է իրանական փոխառություն եւ հայերիս համար խորթացրել է նաեւ նրա նշանակածը: Հր. Աճառյանը «Արմատականում» գրում է, որ պարեգոտ-ը հին պահլավերեն paragaud հոմանիշից է, որը գործածված չէ իրանական գրականության մեջ, բայց նրանից փոխառել են լատիներենը, հունարենը, նոր եբրայերենը, ասորերենը, արաբերենը, վրացերենըՙ «զգեստի վրա մետաքսե կամ ոսկե բանվածք, ոսկեհուռ զգեստ, վերարկու, վարագույր, հաստ կարպետ, հանդերձ, երկար զգեստ» նշանակություններով: Էդ. Աղայանը, չընդունելով Հր. Աճառյանի ստուգաբանությունը, ցույց է տալիս, որ գոտի բառի արմատը նախապես նշանակել է «պատող, ծածկող, պարուրող»: Իսկ պար -ը, ինչպես հայտնի է, նշանակում է «շուրջը, շրջան, պար, խաղ, խումբ, հավաքույթ»: Հիշենք պարս -ը, որ նշանակում է «մեղուների խումբ»: Պար նշանակել է նաեւ «այլեւայլ իրերի շարք»: Հիշենք Հայկական պարըՙ հայտնի լեռնաշղթան: Սակայն տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է պար -իՙ «շուրջը» նախնական իմաստը: Այսպիսով, պարեգոտ նշանակել է «շուրջը պատող, չորս կողմից պատող», ինչպես որ ունենք շուրջառ բառը: (Շուրջառը տոնական երկար զգեստ է, որ հոգեւորականները վրաներն են գցում ծիսակատարությունների ժամանակ:) «Սրա համաձայն, - գրում է Էդ. Աղայանը, - ամենից առաջ պետք է վերանայել պարեգոտ բառի իմաստի բացատրությունը: Բառարանները, կապելով գոտի բառի հետ, բացատրել են իբր «գոտի ունեցող, գոտիով կապվող վերարկու»: Սակայն բառը նշանակել է պարզապես «վերարկու, թիկնոց»: Այնուհետեւ, լեզվաբանական մի շարք անժխտելի փաստարկներով, Էդ. Աղայանն ապացուցում է, որ պարեգոտ եւ վարագույր բառերը պարսկերենումառաջացել են հայերենից փոխառած բաղադրիչներով: «Այստեղ էլ ունենք այնպիսի երեւույթ, - գրում է նա, - ինչպես որ, առնելով իրանական գով (գովասանք) բառը, հայերենը կազմել է գովասան եւ տվել իրանականին, որ պահլավերենում դառնալով գուսան, կրկին վերադարձել է մեզ գուսան ձեւով»: Այսպիսով, պարեգոտ բառը իրանական փոխառություն չէ, այլ բնիկ հայերեն բառ, այնպես որ արժե այժմ այն կյանքի կոչել եւ կիրառել կուրտկա, պլաշչ, շինել օտար բառերից որեւէ մեկի փոխարեն: |