ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ Դեռեւս վաղնջական ժամանակներից հայերս զբաղվել ենք խաշնարածությամբ, ոչխարաբուծությամբ: Եվ բնական է, որ ոչխարի տված բարիքների մասին բազմաթիվ բառեր պետք է ունենայինք: Մասնավորաբար, բարիքներից մեկիՙ ոչխարի մազի համար ունենք չորս անվանումՙ բուրդ, ասր, գեղմ, կիզ : Այս բառերը հոմանիշներ են: Բուրդ բառը բնիկ հայերեն բառ է: Կազմվել է բրդել «կտրել» բայից: Բրդել նշանակում է «ջարդել, պատառ-պատառ կտրատել, մաս-մաս լինել, կտոր-կտոր լինել»: Փոխաբերական իմաստով նշանակում է «բարկությունը գրգռել, սաստիկ զայրացնել, բարկությունից պատռվել»: Այս բառից են բրդոն «հացի պատառ», բրդուճ «պատառ, լավաշով փաթաթված ուտելիք», բրդոշ «մեջը հաց բրդած մածուն» բառերը: Վրացիները մեզնից վերցրել են բուրդ բառըՙ բուրդո, բուրդի «հարդ, կալի մնացորդ» նշանակությամբ: Այս բառերըՙ բրդոն, բրդուճ, բրդոշ , մի տեսակ լայն գործածություն չունեն, չնայած բնիկ հայերեն բառեր են: Այժմ անդրադառնանք ասր բառին: Ասր -ը եւս բնիկ հայերեն բառ է: Նշանակում է «բուրդ», ինչպես նաեւ «ասրից պատրաստած կտոր, զգեստ»: Հին եւ ընտիր բառ է ասվե բառը, որ նշանակում է «ասրից, բրդից պատրաստած»: Նույն նշանակությամբ մյուս բառըՙ գեղմ -ը, եւս բնիկ հայերեն բառ է: Դարձյալ գալիս է նախնական «գիշատել, պատառոտել, կտրատել, խուզել» իմաստից: Ինչպես տեսնում ենք, հայերը նույն բանը նշանակող երեք տարբեր բառեր են ունեցել, եւ երեքն էլՙ բնիկ: Սա շատ հետաքրքիր եւ եզակի իրողություն է: Ինչպես ասացինք, ունեցել ենք նաեւ կիզ(ն) բառըՙ դարձյալ «բուրդ, ասր, գեղմ» նշանակությամբ: Սակայն այս բառի ստուգաբանությունն անհայտ է: Հիմա ամենագործածականը բուրդ -ն է, բայց մյուս երկուսն էլ հավասար իրավունքներ ունեն: Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում բուրդը գզել դարձվածըՙ «մեկին խիստ քննադատել, վնասել, լավ ծեծել»: Այս դարձվածի մի բառիՙ բուրդ -ի մասին արդեն իմացանք: Իսկ ի՞նչ ծագում ունի գզել բառը: Պարզվում է, որ այն նույնպես նշանակում է «պատառոտել, ծվատել, մարմինը պատառ-պատառ անել, ճանկերով քերթել, կտրատել»: Այսինքնՙ Աստված չանի, որ մեկի բուրդը գզեն: |