RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ

ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ -ը բնիկ հայերեն բառ էՙ ծագած հնդեվրոպական ster ձեւից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարենՙ աստեր , սանսկրիտերենՙ սթար , պահլավերենՙ սթար , իտալերենՙ ստելլա , ֆրանսերենՙ աստրե , իսպաներենՙ աստրո , գերմաներենՙ շտերն , անգլերենՙ սթար եւ այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակՙ իտալական Ստելլա -ն:

Իբրեւ սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրեւ սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է:

Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության եւ ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեինեւ ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»:

Ըստ Ղ. Ալիշանիՙ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից եւ Նանեից հետո): Մեծարվել է, եւ թերեւս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրըՙ ծնված ջրհեղեղից հետո:

Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, եւ սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետեւանքով Աֆրոդիտեի եւ Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, եւ Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլեւ սիրո եւ մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի եւ այլ աստվածների սրբատեղիները: Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երեւում, եւ, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էրՙ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ: Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ: Նա ոսկեծղի էր եւ վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլՙ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի եւ պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնովՙ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելըՙ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելըՙ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը:

Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում եւ վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքնՙ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրեւ տեղա: Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկիՙ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմՙ Մուրադչայ) գետի հետ:

Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդՙ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդՙ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:

Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկըՙ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան եւ Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, եւ Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՜խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»:

Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»:

Այսպիսի պատմություններ ներկայացրինք Աստղիկ անվան մասին. ինչքա՜ն խոր հնությունից է գալիս այդ անունը եւ ինչքա՜ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՛ իգական, թե՛ արական անուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ