RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ

Վերնագրի ցանկապատ, առեւանգել, տնանկ եւ զանգվածեղ բառերը, ինչպես կռահում եք եւ զարմանում, ծագում են նույն արմատից` անկանել կամ անգանել : Այս բառի նախնական նշանակությունն է «ընկնել, ցած ընկնել», որից` անկում բառը: Այս նախնական նշանակությունից հետզհետե բխում են այլ իմաստներ`«ցած կախվել», այնուհետեւ` «գնալ, դիմել, ապաստանել, մի տեղ հասնել»: Եթե ընկնում ես, հասնում ես գետնին, կամ ասում ենք, չէ՞ՙ էս ո՞ւր ընկանք: Այսինքնՙ «ուր հասանք»: Հիշենք մեծն Թումանյանին.

Ո՜վ իմանաՙ ո՛ւր ընկանք,

Քանի օրվա հյուր ընկանք,

Սերն ու սիրտն էլ երբ չկաՙ

Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք:

Փոխաբերաբար ձեռք է բերել նաեւ այս իմաստները. «հափշտակել, առնել փախչել, առնել անկանել», մի խոսքով` «առեւանգել», հիմնականումՙ կին, աղջիկ: Հասնելու գաղափարին հետեւում է վերջանալու գաղափարը, որն արտահայտվում է հետեւյալ բառերովՙ հանգ հանել, հանգ տանել, հանգել «վերջացնել, վերջին հասցնել»: Հիշենք նաեւ հանգավոր գրվածքները, այսինքնՙ գրվածքներ, որոնք հանգ «վերջ» ունեն, չափածո գրվածքներ են: Ց նախդիրով ստացվել են ցանկ, ցանգ բառերը, այսինքնՙ «մինչեւ անկ, մինչեւ վերջ, մինչեւ վերջանալը, սպառվելը»: Այստեղից` ցանկ -ի մեկ այլ նշանակություն` «ճյուղերով հյուսված պատ, պատնեշ` իբրեւ վերջ կամ սահման», որտեղից էլ մի ընտիր բառ` ցանկել , այսինքն` «պարսպել, ցանկապատել»: Կարծիք կա, որ ցանկություն բառի ցանկ արմատը եւս անկ արմատից է, որպես «բաղձանքի եզր, սահման, ցանկ, ցանկապատ»: Ստացվում է, որ ցանկություն -ը «անկում» է նշանակում, ցանկանալ ՙ նշանակում է «ընկնել»: Այսինքնՙ չլինենք ցանկասեր: Հետաքրքրական մի բառ է անգուրդ -ը, որ նշանակում է «վերջ, կտարելություն»: Հասնել անգուրդին , այսինքնՙ «հասնել կատարելության, հասնել վերջին», որից այն կողմ ոչինչ չկա: Ասում ենք, չէ՞ՙ հասար, իջիր:

Բառը մի զարմանալի նշանակություն էլ է ձեռք բերել. անկ է նշանակում է «պատշաճ է, հարմար է», որից յ -ի հավելումով` յանգ, յանկ ` «հարմար, պատշաճավոր»:

Մեր զարմանալի բառը ստացել է նաեւ «իրար հետ հարմարվել, միանալ, ընկերանալ, ժողովվել» իմաստները: Որից` հանգչել, հանգուցանել կամ հանկչել ` «սիրով կապվել, կապել, սիրտը գրավել»: Իսկ հանկակից կամ հանգակից նշանակում է «մերձավոր»: Զ նախդիրով անկ -ից ունենք զանգել , որ հնում նշանակել է «խառնել, միավորել, շաղել», զանգված ` «բաղադրություն, խմոր, զանգություն ` «խառնուրդ»: Այժմ ունենք զանգվածային տեղեկատվությանմիջոց արտահայտությունը:

Բառի այլ իմաստներ` անկած «դիակ», յարեւէ անկանել , «մեռնել», անկյալ, անգյալ «թույլ, տկար, խեղճ»: Հետաքրքիր է տնանկ բառը, որը նշանակում է «աղքատ, տնից տեղից ընկած» (տուն + անկ):

Անկանել բառը բազմաթիվ այլ ածանցյալ իմաստներ էլ ունի, բայց բավարարվենք այսքանով: Ավելացնենք, որ անկ արմատն այժմ էլ կենսունակ է եւ նրանով նորանոր բառեր են կազմվում, օրինակՙ անկարգել (պարաշյուտ), այսինքնՙ «անկումն արգելակող»:

Ինչքա՜ն զարմանալի է. մեկ հատիկ բառ եւ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում «արյունակից» բառերի մի բազմություն, մի «տոհմ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ