ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» Ստուգաբանությունն ուսումնասիրում է բառերի ծագումնային կապը այլ բառերի հետՙ լինի տվյալ լեզվի բառ, թե այլ: Աշխարհում կան շատ ու շատ բառարաններ` ուղղագրական-ուղղախոսական, բացատրական, բառակազմական, բազմալեզու եւ այլն: Բայց կա մի բառարան, որը եզակի է, որը պարունակում է ամեն ինչ քեզ հետաքրքրող որեւէ բառի մասին: Այդ բառարանում ընդգրկված են հայերեն մատենագրության մեջ հանդիպող բոլոր բառարմատները, տրված են դրանցից կազմվող բառերը, բացատրությունները, բարբառային ձեւերը: Ուսումնասիրելով որեւէ բառահոդվածՙ ընթերցողը կարող է իմանալ, թե բառը որ լեզվից է փոխառել հայը, հայերենից որ ազգերն են փոխառել, նախալեզվում ինչպես է հնչել այն, որ ազգը ի՛նչ փոփոխության է ենթարկել նախալեզվի այդ բառը` հարմարեցնելով իր արտասանությանը: Ընթերցողը կիմանա, թե որոնք են բնիկ հայերեն բառերը, ի՛նչ զարմանահրաշ փոփոխությունների են ենթարկվել, մինչեւ հասել են մեզ: Ընթերցողն, իհարկե, կռահեց, որ խոսքը Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» մասին է, մի հրաշալի գանձարանի, անսպառ շտեմարանի մասին, որի ուսումնասիրությունը տանում է դարերի խորքը, բացահայտում անչափ հետաքրքիր իրողություններ, զարմացնում եւ հիացնում: Այս գրքի զրույցների ստուգաբանական հենքը հիմնականում այդ բառարանն է: Հրաչյա Աճառյանն այդ բառարանը ստեղծել է 1926-35 թվականներին: Այդպիսի բառարան կա նաեւ ռուսերենի համար. այն գերմաներեն գրել է Մաքս Ֆասմերը: Հետագայում (1964 թ.) թարգմանել են ռուսերեն: Բնականաբար, այլ լեզուների համար էլ կան ստուգաբանական բառարաններ: Հայերենը բացառիկ դեր ունի այլ լեզուների բառերի ստուգաբանության համարՙ որպես հնագույն եւ, միաժամանակ, կենդանի լեզու: Ընդհանրապես, ստուգաբանությունը մի գործիք է, որով պրպտող մարդը կարողանում է հազարամյակներով հետ գնալ, տեսնել հնագույն, վաղնջական մարդուն, իմանալ նրա վերաբերմունքը աշխարհի եւ այլ մարդկանց նկատմամբ: Նորին մեծություն Ստուգաբանությունը, օրինակ, շատ վճռական դեր կարող է ունենալ պատմական կնճիռները հարթելու, ազգերի նախահայրենիքի տեղը ճշտելու, նրանց «ծննդյան վկայականի» հարցը պարզելու գործում: Մի օրինակով պարզաբանեմ միտքս: Գիտնականների մի մասը պնդում է, որ հայերը անմիջական շփումներ են ունեցել մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությանՙ շումերական քաղաքակրթության հետ: Որպես փաստ նշվում են նաեւ լեզվական առնչությունները. հայերենում եւ շումերերենում կան բազմաթիվ բառեր, որոնք թե՛ հնչողությամբ, թե՛ իմաստով նույնն են եւ, ամենակարեւորը, այդ բառերը չկան ուրիշ լեզուներում: Դա նշանակում է, որ հայերն ու շումերները հարեւաններ են եղել, դա նշանակում է, որ հայերը որպես ցեղային միություն գոյություն են ունեցել առնվազն 5-6 հազար տարի առաջ: Իսկ եթե նկատի ունենանք, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, իսկ հնդեվրոպերենը ձեւավորվել է նոր քարի դարաշրջանում, նշանակում է նախահայերեն խոսել են անհիշելի ժամանակներից: Հայերենի եւ շումերերենի ընդհանուր բառերից թվարկենք մի քանիսը. ագի (պոչ), գին, ցեց, օդի (ոչխար), տի (կյանք, տարիք), ծագ եւ այլն: Ստուգաբանությունը շատ ուշագրավ իրողություններ է բացահայտում: Օրինակՙ հույները բարբարոս էին անվանում այն ցեղերին, որոնք հունարեն չգիտեին: Եթե նկատի ունենանք, որ բարբարոս -ը կարող է ստուգաբանվել հայերեն բարբառ ՙ «խոսք, բառ» նշանակությունից, ապա կարող ենք ուշագրավ հետեւություններ անել: Մեկ այլ օրինակ. առաջին հայացքից էլ երեւում է, որ ռուսերեն улица եւ հայերեն ուղի բառերը նույն ծագումն ունենՙ ուլի - ուղի : Հայերենում կա խռիկ տալարտահայտությունը, որը դարձյալ կապ ունի ուղի բառի հետ: Ինչպե՞ս: Դիմենք ստուգաբանությանը: Խռիկ տալ , կամ խռկել նշանակում է «վանել, վռնդել, քշել»: Խռկելը նույն խրկելն է, իսկ խրկել -ը ղրկել բառն է. հաճախ է բառասկզբի ղ -ն դառնում խ : Ղրկել -ը կրճատված է ղարկել ձեւից, որն առաջացել է ուղարկել բայից: Ուղարկել նշանակում է «ուղի արկանել», այսինքնՙ «ուղի ձգել, ուղի նետել, ուղու մեջ գցել»: Այսինքնՙ ուղի բառից առաջացած ի ուղի արկանել արտահայտության ձեւափոխման ընթացքը եղել է այսպիսին. յուղարկել > ուղարկել > ղարկել > ղրկել > խրկել > խռկել > խռիկ տալ ։ Երբ միանգամից ասում ենք, թե հայերեն խռիկ -ը եւ ռուսերեն улица -ն գրեթե միեւնույն բառերն են, մարդ չի ուզում հավատալ: Բայց երբ հնչյունափոխությունների շարքը ճշտությամբ եւ կետ առ կետ հաստատում է նույնը, այլեւս կասկած չի մնում։ Ի դեպ, հուղարկավորություն բառը ժողովրդական ստուգաբանությամբ մեկնում են իբր «հող ուղարկել», որը, բնականաբար, ճիշտ չէ: Հուղարկավորություն, յուղարկաւորութիւն կամ յուղարկութիւն , ինչպես արդեն կռահեցիք, նշանակում է «ի ուղի արկանել», այսինքնՙ վերջին ուղու մեջ գցել, ճանապարհել: Եթե ասենք, որ հայերենում սովորական դիմելաձեւ դարձած ապ եւ ռուսերեն брат բառերը ծագել են հնդեվրոպական նախալեզվի նույն արմատից, անհավանական կթվա: Բայց տեսնենքՙ իրո՞ք մենք բոլորս եղբայր ենք: Ռուսերեն брат եւ հայերեն եղբայր բառերը «երկվորյակ եղբայրներ են», իսկ ապ -ը նրանց «ծոռն է»: Այս երկու բառերն էլ ծագում են նախալեզվի bhrater (բրատեր) բառից: Ինչպես առաջին հայացքից պարզ երեւում է, ռուսերեն брат -ը եւ նախալեզվի bhrater -ը գրեթե նույնն են, եւ դրա վրա չարժե կանգ առնել: Բայց ինչպե՞ս է bhrater բառը հայերենում դարձել եղբայր : Առաջին հայացքից անհեթեթություն կարող է թվալ դա եւ կամայական ստուգաբանություն: Բայց դիմենք ձայնական օրենքներին, ինչպես որ դա արել է Հրաչյա Աճառյանը: Bh -ն հայերենում դառնում է բ , r -ն հայերեն ր -ն է, a -նՙ ա -ն: Երկու ձայնավոր ների միջեւ t -ն հայերենում դառնում է յ : Սա կարող էր կասկածելի թվալ, եթե բազում այլ օրինակներով հաստատված չլիներ: Այսպես, pater - հայր, mater - մայր, ater - այրել եւ այլն: Եվ վերջինը. հայերենում վերջնավանկի ձայնավորը ջնջվում է: Ձայնական այս օրենքներով bhrater -ը հայերենում պիտի դառնար բրայր : Բայց հայերենն էլ ունի իր ներքին ձայնական օրենքները, որոնք պիտի փոփոխեին այս բրայր -ը եւ դարձնեին եղբայր : Այժմ դիտարկենք այդ օրենքները: Երկու իրար հաջորդող ր -երից մեկը դառնում է լ ՙ բրայր - բլայր : Բլ -ն կարող է շրջվել եւ դառնալ լբ ՙ բլայր - լբայր : (Համեմատելՙ դգալ - գդալ , խստոր - սխտոր եւ այլն): Բաղաձայնից առաջ գտնվող լ -ն առանց բացառության դառնում է ղ , որը նույն լ -ն է, բայց թավՙ լբայր - ղբայր : Ղ-ն բառասկզբում ստանում է ե կամ ա հենարանը: (Համեմատելՙ պարսկերեն րագ , հայերենՙ արագ , րանգ - երանգ եւ այլն:) Հայերենի այս օրենքների գործադրմամբ բրայր -ը դառնում է եղբայր կամ աղբայր : Այս ամենը կատարվել է մինչեւ V դարը: Եթե շարունակենք, կստանանքՙ եղբայր - աղբայր - աղբար - աղբեր - ախպեր - ախպար : Ահա թե որտեղից է գալիս ախպար -ը: Իսկ ախպեր -ից ապեր, ապե եւ ապ փոփոխությունը մեր աչքի առաջ է տեղի ունեցել: Այս օրինակը այսքան մանրամասնորեն ներկայացնելովՙ ցույց տվեցինք, որ հնչյունական օրենքները գործում են առանց բացառությունների, գիտականորեն հիմնավորված են եւ ստույգ: Սա, կարելի է ասել, «ցուցադրական» օրինակ է. պետք չէ կարծել, որ մնացած զրույցներում եւս հնչյունական զանազան օրենքների այսքան մանրամասներ կան, որոնք ընթերցողին կարող են անհետաքրքիր թվալ: Մնացած զրույցներում աշխատել ենք խուսափել ավելորդ մանրամասնություններիցՙ զրույցը ավելի մատչելի եւ դյուրըմբռնելի դարձնելու միտումով: Բերենք մի քանի օրինակ եւս: Հայերենում կա չմակեր բառը, որը նշանակում է «քիչ ուտող, շատ վատ ուտող»: Շատ դժվար է գլխի ընկնել, թե ինչպես է առաջացել բառը, ինչ կազմություն ունի: Պարզվում էՙ չմակեր -ը կրճատված է չմչմակեր բառից: Իսկ չմչմակեր բառի նախնական ձեւն է չնչնակեր : Այստեղ արդեն զգացվում է չինչ, չնչին բառը: Այսինքնՙ չմակեր նշանակում է «չնչին ուտող»: Խոստովանենք, որ շատ հետաքրքիր է: Նույն ստուգաբանությամբ ցույց է տրվում, որ ռուսերեն кочерга -ն առաջացել է հայերեն խաչերկաթ -ից, որ զանազան լեզուներում գործածվող կոտոն -ը հայերեն քաթան -ից է, որ իշակ -ը մեր հայերեն էշ -ից է սերվել, որ մեր պարոն -ը գերմաներեն բարո ն բառից է, որ կրոն եւ կիրք բառերը նույն արմատից են, որ երեխա նշանակել է «չմկրտված անձ», որ քավոր բառը կրճատվել է կնքավոր բառից, որ ճանաչել բառի սկզբնական ձեւն է ծանաչել եւ ծանոթ բառի հետ նույն ծան արմատից է սերում, որ ինքնահող բառը այգողբք բառի աղավաղված տարբերակն է եւ այլն, եւ այլն: Ահա թե ինչու ենք զրույցներում անդրադառնում բառերի հետաքրքաշարժ ստուգաբանությանը: |