ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ Վերնագրի խաշ, խորոված, խաշմիս եւ խարույկ բառերը, բնականաբար, պատահականորեն չեն հայտնվել կողք կողքի: Պարզ է, որ դրանք կապված են իրենց ծագմամբ: Տեսնենք, թե որն է այդ կապը: Դրանց բոլորի արմատն է խար բնիկ հայերեն բառը: Առաջին հայացքից խաշ -ի եւ խաշմիս -ի նմանությունը ակնհայտ է, եւ զգացվում է, որ խաշել բառից են երկուսն էլ: Իսկ խաշ, խարույկ, խորոված բառերի նմանությունն այդքան էլ ակնհայտ չէ եւ պարզաբանման կարիք ունի: Եկեք պարզաբանենք: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակել խար արմատը: Խար նշանակել է «այրել, դաղել, կիզել»: Այստեղից անմիջապես երեւում է խարույկ բառի կազմությունըՙ խար արմատից եւ ույկ ածանցից: Խար -ից է նաեւ խարան բառը, որ նշանակել է «երկաթով դաղված, դրա հետեւանքով առաջացած վերքը»: Իսկ քանի որ խարանում էին հանցավորին, դրանից էլ առաջացել է փոխաբերական իմաստըՙ «անարգանք, հանդիմանություն, մեղադրանք»: Առաջին խարանակիրը Կայենն էր, որ սպանեց իր եղբորը, եւ կրում էր Աստծու խարանը: Խար արմատի մյուս ձեւն է խոր -ը, որից ով մասնիկովՙ խորով , որ նշանակել է «կրակի վրա այրելը»: Սրանից մինչեւ խորոված արդեն մի քայլ է: Ահա թե ինչ ներքին կապ կա խարույկի եւ խորովածի միջեւ: Խոր արմատից է խորովու բառըՙ «թոնրում անբոց կրակով խորոված գառ, ուլ եւ այլն» նշանակությամբ: Մնաց մեր բոլորի սիրած խաշը : Ինչպե՞ս է խար արմատից ստացվել խաշ : Պարզվում է, որ խար -ի վրա ավելացել է շ աճականը եւ ստացվել է խարշ, խարշել ՙ «այրել, վառել, ջրի մեջ եփել, խաշել»: Խար -ը ծնել է խարշ , այնուհետեւ խարշ -ի մեջ ր -ն ընկել է, եւ բառը դարձել է խաշ : Այստեղից էլՙ խաշել «ջրի մեջ եռացնելով եփել»: Եվ խաշ ճաշատեսակը եւ մեկի խաշը եփել -ըՙ ծեծելը: Խարշել բառն ունի նաեւ փոխաբերական իմաստՙ «սիրտը մաշել, գութից, խղճմտանքից սիրտը այրել, կտրտվել»: Հիշենք աղեխարշ «աղիքները խաշող, կսկծեցնող, մորմոքող»: Խաշ -ից ունենք խաշու բառը, որ նշանակել է «արգանակ, մսաջուր»: Այժմ գործածվում է նաեւ բոզբաշ ճաշատեսակի համար (ոչխարի մսով եւ զանազան համեմունքներով պատրաստվող ջրիկ կերակուր): Իսկ ինչու՞ բոզբաշ անճոռնի, անբարեհունչ բառի փոխարեն չօգտագործվի մեր բնիկ հայերեն գեղեցիկ խաշու բառը: Նույնը խաշմիս բառի համար, որ նշանակում է «խաշած միսՙ խաշլամա»: Օտար բուղլամա -ի փոխարեն հիմա արդեն կիրառվում է շոգեխաշած հիանալի բառը, եւ լավ կլիներ խաշլամա -ի փոխարեն էլ կիրառել խաշմիս հայերեն բառը: Մեր կերակուրների անվանումների մեծ մասը փոխառություններ են, քանի որ մենք մոռանում ենք մերըՙ բնիկ հայերենը, եւ, չգիտես ինչու, սկսում ենք գործածել օտարինը, որը հաճախ շատ ավելի երկար է, շատ ավելի անբարեհունչ: Արգանակի փոխարեն ասում ենք բուլյոն, բույլոն, թանձրուկի, եփահյութի փոխարենՙ պոդլիվկա, պադլիվկա, աղցանի փոխարենՙ սալաթ, սմբուկի փոխարենՙ բադրիջան, լոլիկի փոխարենՙ պոմիդոր, պամիդոր, պամադոր եւ այլն, եւ այլն: Ժամանակը չէ՞ հետեւողականորեն մաքրելու մեր կերակրատեսակների անունները, ավելի հայեցի, ավելի բարեհունչ եւ դրանով ավելի… մարսելի դարձնելու դրանք: |