RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Հայերենում որեւէ մեկին որեւէ բան անվերապահորեն հատկացնելու, սրտանց տալու, ընծայելու, զոհաբերելու, նվիրաբերելու, ձոնելու գաղափարն արտահայտելու համար կան բազմաթիվ բառերՙ ընծա, նվեր, պարգեւ, շնորհ, ձոն, ձիր : Տեսնենք, թե այս բառերը որտեղից են եկել եւ ինչ իմաստային տարբերություններ ու նմանություններ ունեն:

Հոմանիշների այս շարքում ընծա բառը բնիկ հայերեն բառ է, որի զանազան նշանակություններից են «ձոն, նվեր, ապացույց»: Ընծայվել նշանակել է նաեւ «ծնվել»: Միայն մարդկանց համար է ասվել. ընծայում ՙ «ծնունդ»: Բարձր ոճի արտահայտություններ են ընծայումն լուսնի «լուսնի ծնունդ», առաջնորդ ընծայման ՙ «կնքահայր»:

Նվեր սկզբնապես նշանակել է «տաճարին ընծայված որեւէ բան, երախայրի պտուղ, նուբար, զոհ, ձոն, գինու բաժակ կամ Աստծուն ձոնելու համար կաթեցրած գինի»: Փոխառություն է պահլավերենից: Բարբառներում նվերք ձեւը նաեւ նշանակել է «չար աչքից, հիվանդություններից ազատվելու համար եղած բոլոր կախարդական միջոցները»:

Պարգեւ նշանակել է «մեծից տրված նվեր, ընծա, ինչպես նաեւՙ ռոճիկ, թոշակ, ուտելեղեն, մրցանակ»:

Շնորհ սկզբնապես նշանակել է «ձրի բաշխված պարգեւ», ինչպես նաեւՙ «վայելչություն, գեղեցկություն, հաճություն, գոհունակություն»: Դարձյալ փոխառություն է պահլավերենից, թեպետ կան նաեւ այլ մեկնաբանություններ:

Ձոն ՙ «աստվածներին ձոնված նվեր, ընծա, պարգեւ»: Ի պատիվ աստվածների կամ մահացածների հոգուՙ ըմպում էին գինի, որը ձոն էր կոչվում: Ձոնելի գինին կամ մի ուրիշ հեղուկ թափում էին ողջակիզումից առաջ, կամ կաթիլ-կաթիլ ծորում մեռելի գերեզմանի վրա:

Որքան էլ զարմանալի է, հեթանոսական այդ հնագույն սովորույթը պահպանվել է մինչեւ այժմ. գերեզմանոցներում թե՛ խմում են գինի եւ թե՛ գինին թափում են գերեզմանի վրա: Ձոնել ՙ «ընծայաբերել» գաղափարը հեթանոսական աստվածներից անցել է քրիստոնեական աստծուն, այնտեղից էլՙ հասարակ մահկանացուներին:

Այժմ անդրադառնանք այս շարքի վերջինՙ ձիր , բառին: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակել այս մոռացված բառը եւ ինչով է արժանահիշատակ:

Ձիր -ը բնիկ հայերեն բառ է եւ դարձյալ նշանակել է «պարգեւ, ընծա, նվեր, շնորհ», իսկ արժանահիշատակ է նրա սեռական հոլովըՙ ձրի :

Ձրի ՙ իբրեւ «ձիր, պարգեւ կամ շնորհ առնելով, առանց փոխարինի, անվարձ, անվճար, անպարտ»: Ահա թե որտեղ է թաղված ձրի բառի արմատը: Ձրի ՙ այսինքնՙ «իբրեւ ընծա, պարգեւ ստացած»:

Կա ձիրք ձրի արտահայտությունը, որ նշանակում է «շնորհ անվարձ»: Ինչպես տեսնում ենք, ձիր բառի հոգնակինՙ ձիրք բառը, եւս այս շարքում է: Եվ ձիրքը մարդուն ձրի տալիս, ընծայում ու պարգեւում է Արարիչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ