ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ Նախորդ զրույցներում խոսեցինք կենդանիների խմբերի մասին: Այս զրույցում կխոսենք որոշակի կենդանիներիՙ այծի եւ աքաղաղի մասին: Իսկ ինչո՞ւ հատկապես այս կենդանիների մասին: Սրանց անունները, թե՛ ստուգաբանորեն , թե՛ իրենց անցած ճանապարհով, թե՛ դարձվածներ ու արտահայտություններկազմելու առումով, թե՛ ուրիշ լեզուների հետ հետա-քրքրական զուգահեռներով անչափ զարմանալի են: Կարդացեք եւ կհամոզվեք: Այծ -ը բնիկ հայերեն բառ է: Այծ կենդանին հայերի համար պաշտամունքի առարկա է եղել: Դա են վկայում ամբողջ Հայաստանով մեկ սփռված հնագույն (5-6 հազար տարվա) ժայռապատկերները (իծագրերը): Այծերի վերաբերյալ բազմաթիվ ավանդություններ, զրույցներ, առասպելներ կան: Բայց այծերը պակաս զարմանալի չեն նաեւ լեզվական առումով: Դիտարկենք լեզվական շատ հետաքրքրական մի երեւույթ: Խոսքն այն մասին է, թե ինչպես երկու բոլորովին անջատ, իրար հետ գրեթե լեզվական առնչություն չունեցող ժողովուրդներ կարող են միեւնույն երեւույթին բառային նույն կերպարանքը տալ: Այսպես, Երեւանի, Մեղրու, Ղարաբաղի եւ Թիֆլիսի բարբառներով էծեր նշանակում է «բարկություն»: Էծերը (այծերը) գալ նշանակում է «չարությունը, բարկությունը բռնել, վատ տրամադրության մեջ ընկնել»: Այծերը ոչխարներից ջոկել «մեղավորին անմեղից ջոկել»: Մեկի էծերը քշել «մեկի բարկությունն իջեցնել, մեկին հանգստացնել»: Այծերով մարդ «ժամանակ առ ժամանակ տրամադրության համեմատ համառող, գժություններ անող»: Այս ցանկը կարելի է բավականին երկար շարունակել: Բայց այսքանն էլ ցույց է տալիս, որ այծերը, որպես բարկության նշան, շատ խոր են նստած հայոց մեջ: Որոշ լեզվաբաններ պնդում են, որ այծ բառին վերագրվող հատկանիշները փոխ են առնված այդ կենդանու համապատասխան վարքից: Իսկ ո՞րն է լեզվական հետաքրքրական երեւույթը: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիներն էլ այծերի նկատմամբ ունեն նման մոտեցում եւ ասում են caprice , որը նույնպես բարկություն, քմահաճություն է ցույց տալիս: Իսկ ֆրանսերեն բառը ծագում է լատիներեն capra «այծ» բառից, ճիշտ այնպես, ինչպես հայերեն բարբառային էծեր բառն է առաջացել այծ բառից: Ռուսները, ֆրանսիացիներից փոխառելով, ստեղծել են каприз «քմահաճույք» բառը: Հիմա զավեշտն այն է, որ մենք երբեմն գործածում ենք ռուսերենից փոխառած այդ բառըՙ կապրիզ , եւ նույնիսկՙ կապրիզնություն անել անճոռն իբառակապակցությունը, առանց խորամուխ լինելու, առանց երկար-բարակ մտածելու, թե ինչ ենք ասում: Իսկ ընդամենը ասում ենք էծություն անել : Ըստ լեզվաբան Ներսես Մկրտչյանի, ակկադերենում կա esse (էծծ) բառը «զայրույթ, բարկություն» նշանակությամբ: Հնարավոր է, որ հայերենը փոխառել է այս էծծ բառը եւ հետագայում այս երկու էծերի իմաստները խառնվել են: Ըստ նրա, ընտանի կենդանիներից այծերիՙ այդ հատկանիշով առանձնացումը հիմնավորված չէ: Նույնպիսի ուշագրավ երեւույթ ենք նկատում հայերեն մեկ այլ բառիՙ աքաղաղ -ի դեպքում: Աքաղաղ բառը բնիկ հայերեն է: Առաջացել է հնդեվրոպական նախալեզվի kel «կանչել, գոչել» արմատից սկզբում քաղքաղ ձեւով, ապա ա -ի հավելումովՙ աքաղքաղ : Հայերենի մեջ արմատի կրկնությունը շատ տարածված է. օրինակՙ կկու (կու-կու), հոպոպ (հոպ-հոպ), ճնճղուկ (ճուն-ճուն) եւ այլն: Աքաղքաղ -ից ք -ի անկումով ստացվել է աքաղաղ : Հիմա տեսնենք, թե այսքանից հետո խեղճ աքաղաղն ինչպես է դարձել մի խեղճ ու կրակ աքլոր: Քանի որ հայերենում ղ -ն հաճախ դառնում է լ , ապա բնական է, որ աքաղաղ բառն արտասանվել է նաեւ աքալալ : Միջին ա -ի կորստով դարձել է նախ աքլալ , որից, տարանմանությամբՙ աքլար : Երկրորդ ձայնավորը դառնալով ո ՙ ստացվել է աքլոր : Ընդհանրապես աքաղաղին տարբեր ազգեր զանազան անուններ են տվել. պարսիկներըՙ կռվող , հույներըՙ մարաստանցի , ռուսներըՙ երգող (петухՙ прть «երգել» բառից), գերմանացիներըՙ երգող եւ այլն: Մեր բարբառներում նույնպես կան նման բառերՙ լուսականչ, խոսող : Հայերենում աքաղաղի համար կան այլ բառեր եւս, օրինակՙ որձակ, ճետ, կուսող : Աքաղաղ թռչունի բնույթը, համապատասխան վարքը նպաստել են, որ աքաղաղ բառն էլ այծ բառի նման զանազան դարձվածների ստեղծման հիմք դառնա: Օրինակՙ աքլոր կտրել, աքլորանալ , այսինքնՙ «գոռոզանալ, սնապարծել, նաեւՙ հոխորտալ»: Աքլորակռիվ տալ «կռվել, վիճաբանելով աղմուկ հանել»: Սա գրեթե մոտենում է էծերը գալ -ին, այսինքնՙ «բարկանալուն, կատաղելուն»: Տարբեր կենդանիներ են, բայց, դրանց բնույթից ելնելով, ժողովուրդը ստեղծել է նույնանման դարձվածներ: |