ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ Քերթողահայր Խորենացուց մինչեւ Քուչակն ու ձեր ծառան... Ն. Զարյան
«Հայոց լեզվի քերականությունՙ համեմատած 562 լեզուների հետ»: Հր. Աճառյան
Կարդացեք ստորեւ շարաքերվածքը, շարագրվածքը կամ շարադրվածը եւ կիմանաք, թե ինչու է Խորենացին քերթողահայր, եւ ինչ է քերականությունը: Ի՞նչ կապ կա քերթողահայր եւ քերականություն բառերի միջեւ: Ըստ Հր. Աճառյանիՙ բառերի արմատն է քեր , որ նշանակում է «քերած կամ գրած բան»։ Քննարկենք հայերեն քերթել բառը, որ նշանակում է «քերելով հանել, մաշկել, կաշին պոկել», եւ մյուս քերթել -ըՙ «բանաստեղծություն հորինել, բանաստեղծել, գրել»: Որոշ լեզվաբաններ կարծում են, որ այս բառերը ծագումով տարբեր արմատներից են: Քերթել բառըՙ «բանաստեղծել» իմաստով, փոխառված էաքքադերենից եւ կապ չունի քերթել «մաշկը պլոկել» բառի հետ: Իսկ, ինչպես արդեն ասացինք, «Հայերեն արմատական բառարանի» հեղինակը պնդում է, որ բառն առնչվում է «քերել» կամ «գրել» իմաստին: Տարօրինակ զուգահեռ է, այնպես չէ՞։ Ի՞նչ կապ կա քերելու եւ գրելու միջեւ։ Պարզվում է, որ կա։ Քերել նշանակում է «քերել, քորել, սկրդել», «մարմինըՙ մորթը քերթել», «վրայից հանել, սրբել, ջնջել, մաքրել»։ Այնուհետեւՙ քերածո ՙ «տաշված, փորագրված», քերական ՙ «քանդակագործ»։ Հետագա հեղինակների մոտՙ «քերականություն, քերականագետ, քերթող»։ Այսպիսով, քերթող նշանակում է «գրող, մաքրող, սրբագրող»։ Այս իմաստը կարող էր առաջանալ փոխաբերաբարՙ մագաղաթի վրա քերելով գրելու գործողությունից: Քերթողահայրը , բնականաբար, կլինի «գրողների հայրը, նահապետը»։ Բայց մի բան պարզ է. քերթող լինես, թե գրող, պիտի տաղանդ ունենաս, այլապես քերթողի դեպքում կդառնաս սոսկ մաշկող, իսկ գրողի դեպքումՙ գրող ու ցավ։ |