ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ Դունչն ու հատկապես դնչիկը նույնպես շատ են գովերգվել բանաստեղծների ստեղծագործություններում, որքա՜ն գեղեցիկ դնչիկներ են նկարել նկարիչները: Կխոսենք հայերեն դունչ, ունչ, ընչացք եւ բեղ բառերի մասին: Այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում դունչ բառը: Ըստ «Արմատականի»ՙ «երեսի ցածր մասն էՙ քիթը, բերանը եւ ծնոտը միասին», ինչպես նաեւ կզակ բառի հոմանիշն է: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ դունչը «անասունների կզակն է, կնճիթը, քիթ-բերանը: Ինչպես նաեւ, անարգական առումով, մարդու քիթ ու բերանը»: Ի՞նչ ծագում ունի այս բառը, արդյո՞ք հայերեն բառ է եւ կապ ունի՞, արդյոք, ունչ, ընչացք բառերի հետ: Իսկ ի՞նչ է նշանակում ունչ բառը: «Հայկազյան» բառարանը ունչի համար տալիս է «շնչառության եւ հոտառության զգայարան, ռունգեր, քիթ եւ քթի ստորին մասը, որտեղ մազեր են աճում տղամարդկանց մոտ»: «Արմատական» եւ «Արդի հայերենի բացատրական» բառարանները որպես իմաստներից մեկը նշում են նաեւ «բեղեր» իմաստը: Դունչ բառը Հր.Աճառյանը համարում է գավառական բառ: Այնուհետեւ գրում է, որ գավառական բարբառներում բառասկզբում գտնվող ը -ն ջնջվում է: Օրինակՙ անկողին - ընկողին - կողինք, ընկույզ - կույզ - կուզ, ընդ ո՞ր - դոր, ինձի - ընձի - ձի , նույնիսկՙ ընկեր - գեր եւ այլն: Այս օրենքի համեմատ կարող ենք, ուրեմն, դունչ բառի ծագումն էլ ընդունել ընդ ունչ ՙ «քթի տակի մասը»: Իսկ եթե ընդունենք «հետը» իմաստով, կլինիՙ «քիթն էլ հետը»: Այսօր կարող ենք ասել, որ ունչ հայերեն բառի դիմաց մենք ունենք բեղ օտար բառը: Ունչ -ից ծնվել է ընչացք -ը, որն ավելի երկար է եւ, ցավոք, քիչ գործածական: Երբեմն ընչացք բառի փոխարեն սխալմամբ ասում եւ գրում են ընչանցք , կարծելով, թե խոսքը քթանցքերի մասին է: Ցավոք, այդպես էլ է պատահում: Սակայն, ամենայն հավանականությամբ, այժմ ունչ -ն էլ, ընչացք -ն էլ վերջնականապես դուրս կմղվեն բեղ -ի կողմից: |