ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ «Կնքվա՞ծ ես, թե՞ չէ»: Հաճախ այսպիսի հարց ենք տալիս միմյանց: Բայց մենք գիտենք, որ կնքվում են փաստաթղթերը: Փաստորեն իրար հարցնում ենք. «Կնիք դրվա՞ծ է քեզ վրա, թե՞ չէ»: «Խաչակնքիրՙ չարը կխափանվի», մեզ սովորեցնում են հոգեւոր հայրերը: «Ո՞վ է կնունքիդ քավորը», հարցնում ենք միմյանց: Ի՞նչ կապ կա կնիք, կնունք, կնքել, խաչակնքել, քավոր բառերի միջեւ: Առաջին չորս բառերը ակնհայտորեն պարունակում են կնիք արմատը, իսկ քավո՞րը : Լեզվաբանների մի մասը պնդում է, թե կնիք բառը մենք փոխառել ենք աքքադերենից, մի 4-5 հազար տարի առաջ: Մի մասը պնդում է, թե բառը իր ներկա իմաստն ստացել է հայերեն կնիք «ոտքի ներբան, հետք» բառից: Սա շատ տրամաբանական է թվում, բայց շատ լեզվաբաններ չեն ընդունում: Բայց լեզվաբանների մեծ մասն ընդունում է, որ մեր կնիք բառը թուրքերը տարածել են աշխարհով մեկ, ինչպես խաչերկաթ բառը, որը ռուսերենում դարձել է кочерга : Սլավոնական գրեթե բոլոր լեզուներում կա մեր կնիք բառը, որը դարձել է книга : Այսինքնՙ ռուսերեն книга -ն մեր կնիք բառից է: Իսկ ի՞նչ է կնիքը : Շատ վաղ ժամանակներում կավե սալիկների գրվածքները վավերացվում էին հատուկ կնիքներով: Քրիստոնեության ժամանակաշրջանում կնքում, մկրտում են երեխային, քրիստոնեական կնիք են թողնում նրա վրա: Ահա այստեղից էլՙ կնունք բառը: Իսկ քավո՞ր -ը: Ունեցել ենք կնքավոր «մկրտյալ» բառը, որը տարբեր բարբառներում համառոտվելով տվել է քավոր բառը: Այս բառը մեզնից փոխառել են բոշաներն ու քրդերըՙ քիրվա ձեւով: Կնքել բառի հոմանիշն է մկրտել -ը: Այս բառը, ըստ Հր. Աճառյանի, մխրճել բառի մի ուրիշ ձեւն է, որ նշանակում է «սուզվել, ջրի տակ գնալ»: Ամենայն հավանականությամբ, բառն առաջացել է գետի ջրում կամ որեւէ ավազանում երեխաներին սուզելով, ջրի մեջ մկրտելով քրիստոնեական կնիք դնելու սովորույթից: Թեպետ բառն ունի նաեւ կենցաղային նշանակություն, պարզապեսՙ «լվացվել», եւ, հնարավոր է, որ շատ ավելի հին ժամանակներից է գալիս: Չէ՞ որ հայերս շատ ծեսեր ունենք ջրի հետ կապվածՙ Վարդավառ եւ այլն: Այո, թուրքերը մեզանից փոխառել են խաչերկաթ -ն ու կնիք -ը, իսկ մենք նրանցիցՙ յաթաղան -ն ու զուլում -ը: Մե՛նք ինչ ենք տալիս աշխարհին, նրա՛նքՙ ինչ: |