ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ «Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ» , - ասել է Ավ. Իսահակյանը: Իսկ մի՞թե միայն մենք ենք մորը մայր ասում: Տեսնենքՙ ինչ գիտենք մայր բառի մասին: Մայր -ը բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվի mater ձեւից է: Այս նույն ձեւից են ռուսերեն мать , գերմաներեն Mutter , հին հնդկերեն mater , որից ՙիտալերեն, իսպաներեն madre , ֆրանսերեն mere , անգլերեն mother բառերը եւ այլն: Այս բոլորըՙ «մայր» նշանակությամբ: Ինչպես տեսնում ենք, բոլոր հնդեվրոպացիները մի մորից են ծնվել, մայրը բոլորի համար էլ մայր է: Մեր մամ բառի հետ, որը նախապես նշանակել է «մայր, մեծ մայր», համեմատելի են հունարեն մամմա , լատիներեն մամա , ռուսերեն մամա , ֆրանսերեն մաման , պարսկերեն մամ բառերը: Այս բոլորը փաղաքշական ձեւեր ենՙ կազմված մայր բառից: Կա մամա բառի միավանկ ձեւըՙ մա : Հիշենք Մա դիցամորը: Մամա բառը կա նաեւ ոչ հնդեվրոպական լեզուներում. ֆիննական լեզուներումՙ մամ , թուրքերենՙ մամա , նույնիսկ չինարենՙ մա-մա : Հետաքրքիր է, որ աշխարհի բոլոր երեխաների առաջին բառերից մեկը մա (մամա) բառն է: Հնարավոր է, որ դա լինի բնաձայնական բառ: Մենք ունենք մամա բառը նաեւ ուտել նշանակությամբ: Հիշենք, թե ինչպես փոքրիկին կերակրելիս մայրը ասում է. «Ճաշիկն ո՞վ ուտի, ո՞վ մամա»: Իսկ փոքրիկը պատասխանում է. «Մամա, ես մամամ»: Այսինքնՙ երբ երեխան կուրծք է ուտում, ապա ուտելու գործողությունըՙ մամա եւ «ուտվողը»ՙ մայրը, արտահայտվում են նույն բառովՙ մամա : Այդպես է նաեւ պապա բառի դեպքում. երեխաները հացին փափա են ասում, հաց բերողինՙ պապա: Այսինքնՙ ուտելը («մամա») կապվում էր մոր հետ, իսկ հացը («փափա») հոր հետՙ պապա , որը նույնպես բնաձայնական է: Մայր բառից է նաեւ մորու բառը, որ նշանակում է «խորթ մայր»: «Մածնի կամ պանրի մակարդ» նշանակող մերան բառը նույնպես մայր բառից է: Կոճակամեր, մերակ բառերըՙ նույնպես: Կարծիք կա, որ մարի բառը «էգ թռչուն» նույնպես գալիս է մայր բառից: Վրացիները պատրաստի վերցրել են մածնի մերան արտահայտությունըՙ մածվնիսդեդա «մածնի մայրիկ»: Վերցրել են նաեւ մեր տատմեր բառըՙ տատբերի , ուտիներըՙ տատմեր : Կա մեկ այլ մայր բառ եւս, որ նշանակում է «մթություն, խավար», որն ավելի ուշՙ բառերի նմանությունից ազդվելով, կապվեց մայր-մայրիկ բառին, եւ ստեղծվեց ժողովրդական այն հավատալիքը, որ Արեգակը գնում է մոր մոտ հանգստանալուՙ մայր է մտնում : Այդպես էլ ծագելու համար ասում էին. Արեւը մոր ծոցից ելավ : Այս երկրորդ իմաստից է մարել -ըՙ «հանգչել, նվաղել, ուշքը գնալ, մարմրել, առկայծել»: Ժամանակակից հայերենում կա մառ «մառախուղ» բառը, որ գործածվում է «մութ, մթագույն, մթամած» եւ փոխաբերաբարՙ «մռայլ, խոժոռ» նշանակություններով: Մառ -ը եւ մայր -ը նույնանիշ եւ նույնարմատ բառեր են: Մռայլ բառի արմատն է մուռ , որը մայր, մուր, մրուր բառերի հետ ծագել է նույն «սեւացնել, սեւ, մութ գույն, կեղտի բիծ» նշանակող արմատից: Այսինքնՙ Արեւը մայր մտավ նշանակում է «արեւը խավարեց, սեւացավ, մթով պատվեց»: |