ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում եռալ բառը։ Այժմ տեսնենք, թե ինչ կապ կա դրա եւ ճճի, սողուն, միջատ , մի բառովՙ զեռուն , բառերի միջեւ։ Եռ նշանակում է «եռալը, եփվելը, եփ, խմորվել, պղպջալ, խիստ տաք, եփուն»։ Միաժամանակ նշանակում է «մարմաջ, քոր գալը»։ Իսկ Ագաթանգեղոսը եռալ -ը գործածել է «սիրով միանալ, զոդվել» նշանակությամբ։ Եռ -ից է եռանդ(ն) բառը, որը նշանակում է «եռալը, եփվելը, ալիքների հուզմունքը, որդերի վխտալը եւ, վերջապես, ներքին հուզմունք, խանդ» (այսօրվա նշանակությամբՙ «էներգիա»)։ Հնում ունեցել ենք նաեւ եռանդնացեալ բառը, որ նշանակել է «ատրաշեկ, սաստիկ վառ, կիզիչ» եւ վերաբերել է մետաղին, կրակին: Ահա թե որտեղից է գալիս մեր այսօրվա եռակցում -ը, որ նշանակում է «մետաղյա մասերի կցումը իրար շփվող մակերեսների շիկացման եւ հալելով միաձուլման միջոցով», ռուսերենՙ сварка : Ընդհանրապես, գրեթե բոլոր քույր լեզուներում պահպանված է այս բառի երկու իմաստը. մի կողմիցՙ «կռիվ, բարկություն, ոխ, նախանձ, հուզմունք», մյուս կողմիցՙ «շարժվել, տատանվել, երերալ»։ Հայերենում նույնպես եռալ բառի մեջ միավորվում են «շարժվել, երերալ» եւ «հոգեպես բորբոքվել, գրգռվել» նշանակությունները։ Ի դեպ, ձեւով այժմ եռանդն բառի հետ նույնն է եռանդ բառը, որը նշանակել է (հիմա էլ է նշանակում) «երեկ չէՙ նախորդ օրը»։ Սրա բացատրությունը դուրս է բերվում եռ - երեք եւ անդ բառերից. այսինքնՙ «երեք օր անդ (առաջ)»։ Նույն արմատից զ նախդիրով կազմված է զեռալ «սաստիկ եռալ, վխտալ, հուզվել» բառը։ Զեռուն բառի մի իմաստն է «եփուն, խիստ տաք», իսկ մյուսըՙ «սողուն, ճճի, միջատ», որոնք վխտում են, երերում, կարծես թեՙ եռում: Ասենք, որ հայերեն չարաճճի բառը կազմված է չար եւ ճճի բառերից: Այսինքնՙ չարաճճի լինել նշանակում է «ճճվի, որդի նման անհանգիստ շարժումներ անել»: |