RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ

Տեսնենք, թե հայերենում միանման նյութերի, իրերի, առարկաների խմբերի ինչ անվանումներ կան: Կենդանիների խմբերի ( ոհմակ, հոտ, նախիր, երամ, երամակ, ճահուկ եւ այլն) մասին մենք արդեն խոսել ենք:

Սկսենք բույսերից: Առաջինը անդրադառնանք տրցակ բառին: Գիտենք, որ տրցակ նշանակում է «բույսերի կապոց, խուրձ, փունջ»: Հետաքրքիր ճանապարհ է անցել տրցակ բառը, մինչեւ հասել է այս տեսքին: Նախնական ձեւն է տստակ ՙ պարսկերեն dastaՙ «փունջ, տրցակ, կապոց» բառից: Կազմված է dastՙ «ձեռք» բառից եւ նշանակում է «մի ձեռք, մի բուռ, մի ձեռքի մեջ հավաքելու չափ փունջ». սրանից է նաեւ հայերեն դաստակը : «Տստակից» շրջմամբ ստացվել է տտսակ , որիցՙ տցակ եւ ր-ի հավելմամբՙ տրցակ :Այս խմբի մեջ են օրան ը, որ նշանակում է «կալսելու համար հնձած հացաբույսերի, որաների դեզը», որան, որ նշանակում է «ցորենի կամ գարու խուրձ», ընդհանրապես «հացաբույսի խուրձ», ջովը , որը բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է նաեւ «փունջ, տրցակ»: Այս շարքում է նաեւ փունջը , որ նշանակում է «խնամքով եւ որոշակի ձեւով դասավորված ու կապած ծաղիկների տրցակ», ինչպես նաեւ «կանաչեղենի կապուկ, խրձիկ, մազերի խոպոպ»: Բնականաբար, այստեղ է նաեւ խուրձը ՙ «հնձած խոտի, հացաբույսերի կապոցները, փնջերը»:

Բույսերի խումբ է նշանակում նաեւ դեզը ՙ «խոտի, հնձած հացաբույսի շեղջ»: Փոքր դեզը նաեւ կոլոն են անվանում:

Ընդհանրապես, հստակ սահմանագիծ չկա. տարբեր իրերի, առարկաների խմբեր նշանակող բառերը թե՛ ուղիղ եւ թե՛ փոխաբերական առումով «թափառում են» ոլորտից ոլորտ:

Ընդհանրական անվանում է կույտը , որ նշանակում է «իրար վրա դիզված կամ թափված իրերի շեղջ, դեզ, բարդ», ինչպես նաեւ «խումբ, բազմություն, կուտակ, կիտակ»: Բայց կուտակը ունի նաեւ տերմինային նշանակություն. այն էՙ «օգտակար հանածոների հանքատեղ»: Զարմանալի բառեր են բարդը, բարդակը, բարդոցը ՙ բոլորն էլ «խումբ, դեզ նշանակությամբ»: Այս բարդ բառը նշանակում է «ոչ պարզ, բաղադրյալ»: Այստեղից էլ, փոխաբերական առումով, այսօրվա մեր բարդն ու բարդությունը : Բառի նյութական նշանակությունից վերացական նշանակություն ստանալը շատ սովորական է մեր լեզվում. հիշենք արդարը, ուղիղը եւ այլն:

Հողի, գաջի եւ այլ սորուն նյութերի համար ունենք կոլոն բառը, որ նշանակում է «տվյալ նյութի գունդ»: Այդ խմբում է նաեւ շեղջը ՙ «արմտիքի, հացահատիկի կույտը, դեզը, կուտակը»:

Մեծ ապրանքների համար ունենք հակ բառը, որը «մեծ կապոցն է, փաթեթը»: Կտորեղենը վաճառվում է փաթեթներով :

Խումբ բառը դարձյալ ընդհանրական նշանակություն ունի, սակայն առավելապես նշանակում է «իրար մոտ գտնվող, հավաքված բազմություն, առարկաներ կամ կենդանիներ»:

Նավերի խումբը տորմիղն է, ինքնաթիռներինըՙ եւս: Քարերի կույտի համար ունենք քարակույտ բառը, բայց նաեւ ավելի ընտիր մի բառՙ կարկառ : Մարդու ստեղծած իրերի ու առարկաների խմբերը հիմնականում արտահայտվում են հողի, բույսերի, կենդանիների, թռչունների խմբեր արտահայտող բառերով:

Իսկ մարդկային խմբերը մարդն ինքն անվանում է ըստ համապատասխան իրադրության, օրինակՙ ոհմակ, հրոսակախումբ, կուսակցություն, ամբոխ , կարող է ասել երամակ , արտագաղթողներին ասում են երամ , խորամանկ մարդկանց խմբինՙ ճահուկ , այսինքնՙ «աղվեսների խումբ»: Երթուղային տաքսու վարորդն ասում է. «Կանգառից ահագին մարդ բարձեցի», նկատի ունենալով, որ նրանք խուրձ են: Սրանք, իհարկե, հիմնականում փոխաբերական առումներով են, իսկ ուղղակի մարդկային խմբերին արդեն անդրադարձել ենք նախորդ զրույցներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ