RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

Տեսնենք, թե կա՞, արդյոք, որեւէ կապ արդար, մակարդակ, զարդ, հարդարանք, արդուկ, արդյունք բառերի միջեւ: Ի՞նչն է ընդհանուր այդ բառերում: Պարզ տեսնում ենք, որ դա արդ արմատն է: Իսկ ի՞նչ է նշանակում արդ - ը, որ արդարությունը կապում է արդուկի հետ: Արդ նշանակել է «ձեւ, կարգավորություն, սարք»: Այդ արմատըընդարձակ գործածություն է ստացել մեր լեզվումՙ ներկայանալով բազմազան կերպարանքներով ու ածանցումներով, օրինակՙ անարդ «անձեւ, անկազմ»: Շատ հետաքրքիր, փոխաբերական իմաստ է ստանում -ակ վերջածանցովՙ անարդակ ՙ «աննման, անհամեմատ, գերազանց»: Օրինակՙ անարդակ ընտրություններ : Իսկ մակ «վեր, վերեւ, վրա» նախածանցով կազմվել է մակարդակ «բարձրանալու չափը» մեզ քաջ հայտնի բառը: Արդ -ից է ծնվել նաեւ խորանարդ բառը, որը նշանակում է «խորանաձեւ»: Իսկ ի՞նչ է խորանը: Խորանը եկեղեցու մեջ փոքրիկ սենյակ է բեմի երկու կողմերում, ինչպես նաեւ տաճարի բեմՙ քառակուսի սեղան: Խորանարդ բառն էլ, հավանական է, առաջացել է խորան բառի «քառակուսի վրան, եկեղեցու քառակուսի սեղան» իմաստներից: Նույնն է գմբեթարդ, ձվարդ եւ այլ բառերի դեպքում:

Ունեցել ենք մի հիանալի բառՙ անարդի , որ նշանակել է «անհեթեթ»: Այժմ շատ են գործածում աբսուրդ, աբսուրդային օտար բառերը. դրանց փոխարեն կարելի էր գործածել լավ մոռացված անարդ, անարդի բառերը: Անարդի իրավիճակ ՙ «աբսուրդային իրավիճակ, անհեթեթ իրավիճակ»:

Զրույցներից մեկում ներկայացրել էինք զերդ եւ զերթ բառերը: Հիշեցման կարգով ասենք, որ այստեղ էլ է արդ բառի «մատը խառը». զի՞արդ (ի՞նչ ձեւ, ի՞նչպես), որից համառոտելովՙ զերդ կամ զերթ , հետագայումՙ զեդ, զետ (իբր, որպես, նման):

Իսկ արդու՞կը : Սա նույնպես արդ -ից է: Արդուկել նշանակում է «արդ, ձեւ տալ» եւ ոչ թե «հարթեցնել», ինչպես սխալմամբ ասում եւ գրում են ոմանք: Հիմա խոսակցականում տարածված է հարթուկ բառը, նկատի ունենալով արդուկի «հարթեցնող» իմաստը: Այս բառը, մերժվելով բոլոր բառարաններում, տեղ է գտել «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական» բառարանում որպես արդուկ -ի նույնանիշ բառ. ճիշտ կլինի համարել հարթոց, հարթիչ բառերի հոմանիշ, որպես «հարթեցնող»:

Շատ հաճախ, լեզվում բառերի ցույց տված ձեւական կարգավորությունը կամ նյութական ուղղվածությունը հիմք ընդունելով, ստեղծվում են փոխաբերական իմաստներ: Այսպես, ար մասնիկով արդ -ից ստացվել է արդար բառըՙ «ուղիղ, ճշմարիտ, ստույգ» իմաստներով: Այսինքնՙ արդ արմատի «կարգավորություն» իմաստը նյութական աշխարհից անցել է մարդկային փոխհարաբերությունների աշխարհ եւ տվել արդար բառըՙ այժմյան իմաստներով: Այսինքնՙ «արդ (ձեւ, կարգ ու կանոն) արարող»: Սրան կասկածով է վերաբերվում Գր. Ղափանցյանը, նշելով, որ արդար բառի արմատը սանսկրիտերեն «սուրբ հրաման, իրավունք, ճշմարտություն» իմաստներից է գալիս:

Արդ արմատը յ նախդիրով տվել է յարդ «ողորկ, վայելուչ», յարդարել «ուղղել, կանոնավորել, կարգավորել», այժմյան ուղղագրությամբՙ հարդարել, հարդարանք եւ այլն։

Զ նախդիրով տվել է զարդ բառը եւ նրանից ածանցված մի ամբողջ բառաշարք. անզարդ, ծաղկազարդ, զարդարուն եւ այլն: Հետաքրքիր բառ է չզարդ -ը: Սա այսօր կարելի է կիրառել որպես զարդ բառի հականիշՙ անճաշակ զարդարված որեւէ բան որակելու համար. «Սրա վրա ոչ թե զարդեր են, այլ չզարդեր»:

Բայց ամենազարմանալին արդ բառի արդյունք (արդիւն) «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակությունն է: Այսինքնՙ որեւէ բան արդյունք է, եթե կարգավորված է. դարձյալ փոխաբերական իմաստ: Արդիւն բառի գործիական հոգնակինՙ արդեամբք , գործածվում է մակբայաբարՙ «իրոք, իսկապես» նշանակություններով: Բառի արդեամբք գործիականը նույնանում է այսօրվա արդյոք բառի հետ, որը հնում նշանակում էր «իրոք, արդարեւ, իսկապես, հիրավի», իսկ հարցականովՙ «միթե»:

Այսքան զարմանալի բառաբուն է արդ բառըՙ իր բազմաթիվ ճյուղերով, ընտիր բառերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ