ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն Արմենիա -ն, Արմանի -ն որպես երկրանուն առաջին անգամ հիշատակվում է աքքադական թագավորներ Սարգոնի եւ Նարամսինի (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) հին սեպագիր արձանագրությունդների մեջ: Պարսիկ Դարեհ թագավորը եւս իր արձանագրությունների մեջ նշում է Արմինիա, Արմինա երկրանունը: Կան նաեւ ուրարտական հիշատակումներ: Հայ ժողովրդի Արմեն անվան ստուգաբանությամբ կամ ծագման հարցերով զբաղվել են մի շարք հայ եւ օտար գիտնականներ, բայց որեւէ մեկը դեռեւս չի տվել վերջնական լուծում: Բերենք ստուգաբանության մի քանի օրինակ: Արմեն անվան առաջին բաղադրիչըՙ ար -ը, պիտի հասկանալ «քաջ, արի», իսկ երկրորդ մասըՙ ման ՙ «մարդ»: Հայերենում ման բառը չի պահպանվել, բայց պահվել է մանուկ «փոքր մարդ» բառում: Այնպես որ, Արմեն նշանակում է «արի մարդ»: Այս ստուգաբանությունը չի ընդունում Գեւորգ Ջահուկյանը, համարելով, որ, իրականում, արի բառը այր բառից է առաջացել («տղամարդ, կենսուժ»): Ման բաղադրիչը մանուկի հետ չի կապվում, այլ գալիս է մեն «փոքր» արմատից: Եվ տալիս է իր ստուգաբանությունը. Արմեն անունը կապված է արմ (ն) «արմատ», զ-արմ «ցեղ, սերունդ» բառերի հետ: Կան կարծիքներ, որ Արմեն անունը առաջացել է ուրարտական առաջին թագավոր Արամեի անունից: Բոլոր ստուգաբանողները բաժանվում են երկու խմբի. մի մասը արմ -ը համարում է արմատական, մյուս մասը արմ -ը տրոհում էՙ Ար-մա : Օրինակ, պնդում են, որ Արամ -ը բաղկացած է երկու բառիցՙ Ար եւ ամ , որտեղ Ամ -ը կամ Ամա -ն Մայր աստվածուհին է, իսկ Ար -ըՙ արեւը, երկնքի աչքը, որով Ար-ամ նշանակում է «աչքը Մայր աստվածուհու»: Ռաֆայել Իշխանյանը գրում է, որ Արամ -ը առաջացել է Ար եւ արմ բառերից: Ար -ը այր բառի տարբերակն է. նշանակել է «արի, քաջ, խիզախ, տղամարդ», նաեւՙ «հայ»: Արմ -ը եւս բնիկ հայերեն բառ է, նշանակում է «սերունդ, զարմ, արմատ»: Արարմ նշանակել է «արի մարդ» կամ «հայի սերունդ»: Հետագայում Արարմ -ի ր -ն ընկել է, եւ Արարմ -ը դարձել է Արամ : Կան կարծիքներ, որ Արմեն, Արամ անունները ծագել են հայերի գլխավոր Արա աստծու անունից: Պլատոն ի վկայությամբ Էրը (Էրոսը, այսինքնՙ Արան) Արմենիոսի որդին էր: Շատ հին ժամանակների հեթանոսական աստվածները, հետագայում անձնավորվելով, դարձել են անձնանուններ, ուստի հասկանալի է, թե ինչու Էրը (Արան) համարվել է Արմենիոսի որդին: Ավելացնենք, որ Արան Արամ նահապետի որդին էր, որն իր չքնաղ գեղեցկության համար ստացավ գեղեցիկ մակդիրըՙ Արա Գեղեցիկ : Իսկ Արամը ուրարտացիների (հայերի) նշանավոր Արամե թագավորի անունից է: Արմեն անձնանունը, ըստ Հր. Աճառյանի, Արմենակ անվան կրճատ ձեւն է, որը Հայկ նահապետի որդին էր եւ փոխարինեց նրան: Ընդհանրապես, կարելի է ասել, որ առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից եւ ցեղային միություններից մեկը ներկայացնող Արմենիա անունը ծագել է այդ անունը կրող ցեղի վաղնջական եւ գլխավոր Աստծու Ար կամ Արա անունից: Հենվելով մի շարք փաստերի վրաՙ Մարտիրոս Գավուգչյանը եզրակացնում է, որ Ար-մա-նի անունը բարդ բառ է, որի առաջին Ար բաղադրիչը հենց արմենների ազգային աստծու Ար -ն է, մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել»: Ար-մա նշանակում է «Արածին, Արի սերունդ, Արորդի», իսկ -նի վերջավորությունը հոգնակերտ է: Հետեւաբար, Արմանի նշանակում է «Արածիններ, Արորդիներ, արեւորդիներ»: Ինչպես տեսնում ենք, մինչեւ հիմա էլ կարծիքները բախվում են, իրարամերժ են: Ինչ էլ լինի, մի բան պարզ է. Արամ, Արմեն, Արմենակ, Արամե, Արգիշտի, Արարատ, Արագած անունները հայերինն են, եկել են անհիշելի ժամանակներից, երբ հին աստվածները դեռ չէին լքել Հայաստանը: |