ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ Բոլորս էլ գիտենք եւ գործածում ենք փնթի բառը: Ըստ ժամանակակից բառարաններիՙ փնթի նշանակում է «կեղտոտ, անմաքուր», ինչպես նաեւՙ «հարդարանքին, կարգուկանոնին չհետեւող մարդ»: Այժմ տեսնենք, թե ինչ կա թաքնված այս բառի մեջ: «Արմատականից» տեղեկանում ենք, որ փնթի նշանակում է «կեղտոտ, զզվելի»: Եվ զարմանալին այն է, որ բարդ բառ է: Կազմված է փին եւ թի բառերից: Իսկ ի՞նչ է նշանակում փին բառը: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ փին նշանակում է «կեղտ, կղկղանք»: Ըստ Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանիՙ «մարդկային աղբ, ցին»: Ըստ «Արմատականի»ՙ փին նշանակում է «աղբ, կղկղանք»: Եվ ամենակարեւորը, որ փին -ը բնիկ հայերեն բառ է: Այժմ դառնանք փնթի բառին: Այն փաստորեն նշանակում է «աղբի, կղկղանքի թի»: Այսպիսի պատկերավոր բառակազմություններ շատ կան ժողովրդական լեզվի մեջ: Օրինակՙ փնթիփարախ բառը, որը նշանակում է «կեղտոտ, փնթի», կազմված է փին , թի , փարախ բառերից, այսինքնՙ «ախոռի աղբի թի»: Շամշադինի (այժմՙ Տավուշի մարզում) գյուղերից մեկում կա աղբդենգցի բառըՙ աղբի գոգաթիակ նշանակությամբ: Ինչպեսՙ ձեռնասուն ՙ «մեկի ձեռքի տակ սնված, դաստիարակված», մոխրատիտիկ «մոխրի մեջ նստող, հեքիաթային շնորհալի գեղեցիկ որբ աղջիկ», հիմաՙ «մոխրոտիկ» (բայցՙ լուսատտիկ - լուսավոր տուտ, պոչ, ագի, ծայր ունեցող) եւ այլն: Այս բառը մեզանից փոխառել են վրացիները` փինթի ձեւով եւ նույն իմաստով, նույնը` ասորիները, թուրքերը, թաթարները եւ այլն: Եթե մարդ մշտապես իմանա, թե ինչ է նշանակել իր գործածած բառը, երեւի ավելի զգույշ լինի: Սակայն բառերը երբեմն հեռանում են իրենց նշանակած նախնական իմաստից, այն մթագնում է, եւ բառը դառնում է շատ սովորական, ու առաջին դասարանի դասագրքում արդեն տպագրվում է «Փնթի Սեթը »ոտանավորը: Առաջին հայացքից գայթակղիչ է թվում փինաչի բառն էլ փին բառով բացատրելը, բայց փինաչի -ն պարսկերեն բառ էՙ փինա «կարկատան» արմատից կազմված, եւ նշանակում է «հին կոշիկներ կարկատող», ինչպես նաեւՙ «վատ, անհմուտ արհեստավոր»: Այսինքնՙ զգույշ գործածենք բառերը, որովհետեւ, եթե մեկին փնովում ենք, նշանակում է նրա գլխին աղբ ու կեղտ ենք լցնում, եթե խորանանք բառի ստուգաբանության մեջ: |