ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է «Հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ»: Ավետարան ըստ Մատթեոսի
Սա կարելի է թարգմանել այսպեսՙ «Հեծել էին էշեր եւ էշերի ավանակներ»: Ի՞նչ է նշանակում էշի ավանակ : Համենայն դեպս մեր այսօրվա մտածողությամբ առնվազն տարօրինակ է: Ի՞նչ տարբերություն էշի եւ ավանակի միջեւ: Նախ տեսնենք, թե ինչ է ավանակ -ը: Եթե բառն այս տեսքով փնտրենք դասական ուղղագրությամբ բառարաններումՙ չենք գտնի: Քանի որ այս բառի դասական գրության ձեւն է յաւանակ կամ յովանակ : Նշանակել է «չորքոտանիների ձագ, հատկապես էշի, ձիու, նաեւ եղնիկի»: Ահա թե ինչ է նշանակում էշի ավանակ -ը, այսինքնՙ էշի ձագ: Սա բնիկ հայերեն բառ չէ, այլ փոխառություն պահլավերենիցՙ յաւանակ, յովանակ : Պարսկերենում բառը հնչում է ջուվան , նույն կերպ ՙաֆղաներենում, քրդերենում: Բոլորն էլ նշանակում են «մատաղատի, երիտասարդ»: Պարսկերենից փոխառել են նաեւ թուրքերը, որտեղ բառը հնչում է ջիվան եւ նշանակում է «երիտասարդ»: Բառը ռումիներենում հնչում է ջուբան եւ նշանակում է «սիրահար»: Ռուսերեն юный բառը նույն արմատից է: Դե, որտեղՙ երիտասարդը, այնտեղ էլՙ սիրահարը: Ահա թե կենդանու մատղաշի անունըՙ ավանակ -ը, ջիվան -ը, ինչպես է տարածվել մարդկանց վրաՙ նշանակելով «երիտասարդ» եւ «սիրահար»: «Իմաստի զարգացումը ճիշտ այն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան ՙ «քուռակ»: Այսպիսով, մի կողմից սիրահար եւ մյուս կողմից քուռակ միեւնույն բաներն են», - գրում է Հր. Աճառյանը: Այժմ դառնանք մեր էշ -ին: Ինչպես գիտենք, մի շարք լեզուներում էլ կա այս բառը. թուրքական, սեմական լեզուներում, ինչպես նաեւ եվրոպական լեզուներում ՙհունարենում, լատիներենում, գերմաներենում, ֆրանսերենում, անգլերենում, ռուսերենում եւ այլն: Այս բոլորի ծագումը նախապես սեմական էր համարվում: Երկարատեւ բանավեճերից հետո աշխարհի գիտնականները եզրակացրին, որ բառը փոխառված է փոքրասիական մի լեզվից: Հետագայում պարզվեց, որ այդ լեզուն հայերենն է, եւ հայոց էշ բառը դառնում է բոլոր այդ բառերի մայրը: Հայաստանի մեջ էշն ու ջորին շատ ընդարձակ գործունեություն ունեին երկրի լեռնոտության պատճառով: Նրանց միջոցով վաճառականները երկրեերկիր առեւտուր էին անում, շենացնում երկիրը, կառուցում տուն ու եկեղեցի: Իշաբուծության զարգացման ապացույց է էշի ընտանիքին վերաբերող բառերի առատությունը հայերենում. այսպեսՙ ցիռ, ջորի, մտրուկ, իշայր, իշավայր, մուղ : Հետաքրքիր է, որ Հայաստանի Մոկք նահանգի երեք գավառները կոչվել են էշի անունովՙ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց : Հնարավոր է, որ սա եկած լինի վաղնջական ժամանակներից, երբ էշը համարվել է տոտեմ: Այսօր էշը գրեթե իսպառ վերացել է մեր կենցաղից. նրան փոխարինել են մերսեդեսն ու ինքնաթիռը, գնացքն ու բեռնատարը: Բայց էշ -ը մնացել է մեր բառ ու բանի մեջ, եւ ոչ մի մեքենա նրան դուրս չի մղի այնտեղից: Երբեք « Էշ նստելը մի ամոթ է, իջնելըՙ երկու » առածի փոխարեն չենք ասելուՙ «Մերսեդես նստելը մի ամոթ է, իջնելըՙ երկու», կամ « Էշ-էշ խոսել »-ի փոխարենՙ « Մերսեդես-մերսեդես խոսել »: Չնայած « Էլի իր էշն է քշում » ասելու փոխարեն կարող է մի օր ասենք. « Էլի իր ջորին է քշում »ՙ նկատի ունենալով «Ժիգուլի» մեքենան: Եվ մի բան էլ երբեք չի մոռացվի. Քրիստոսը էշ նստած մտավ Երուսաղեմ: |