RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ

Հայերենում կա մի բառ, որի թե՛ հաստատականը, թե՛ ժխտականը նույն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակությունը քերականական կանոններից շեղման բացառիկ երեւույթներից է:

Խոսքը երես բառի եւ նրանից ստացվող երեսով եւ աներես բառաձեւերի մասին է: Մարդուն բնութագրելիս, իբրեւ դարձված , գործածում ենք երեսով մարդ լինել արտահայտությունը, որ նշանակում է «մեկին որեւէ բանով դիմելու համար հնարավորություն, վստահություն, համարձակություն ունենալ, համառությամբ պնդել, պահանջել, համառորեն պահանջել»: Նույնն է նշանակում նաեւ աներես մարդ լինել արտահայտությունը:

Սա, իհարկե, չի գործում ուղղակի իմաստի դեպքում. երեսով կաթը եւ աներես կաթը լրիվ տարբեր, իրար հակառակ բաներ են:

Դարձվածաբանական առումով երեսով մարդ, աներես մարդ դարձվածներին կարելի է հոմանիշ համարել երեսդ թափի, երեսդ կուտ գնա, պնդերես մարդ դարձվածները:

Պետք է ենթադրել, որ երեսդ թափի, երեսդ կուտ գնա արտահայտությունների հիմքում ընկած է մարդու այտերիՙ ամոթից շիկնելու հատկությունը, որը ժողովրդի պատկերավոր մտածողությամբ զուգորդվել է թոնրի թշի թեժության հետ: Այդ թեժությունից առաջին հացը միշտ կուտ է գնում, թափվում :

Հնարավոր է նաեւ, որ այդ արտահայտությունները առնչակցություն ունենան ծաղիկ հիվանդությանը: Չէ՞ որ այդ «կարմիր» հիվանդության ժամանակ մարդու երեսը «թափվում էր», «կուտ էր գնում»: Հատկանշական է, որ երեսով եւ աներես բառերի իմաստային միանշանակությունը անցել է նաեւ դարձվածային մտածողությանը. ի վերջո, եկավ երես թափեց դարձվածը (իսկ երես է թափում աներես մարդը) նույն իմաստն է արտահայտում, ինչ եկավ երեսը պնդացրեց (որովհետեւ երես պնդացնում է աներես մարդը) դարձվածը: Երես թափել -ը եւ երես պնդացնել -ը հականիշ են բառացի, եւ հոմանիշՙ դարձվածային առումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ