ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է Հավատն առ Աստված հետագայում դարձավ կրոն, այսինքնՙ աշխարհը կառավարող գերբնական ուժերի պաշտամունք, դավանանք: Կրոնը հզորագույն կիրք է: Տեսնենք, թե այսպես ասելու ինչ հիմք կա: Նախ հիշենք, թե ինչ է կիրքը: Բառարաններն այսպես են բացատրում կիրք բառը. «զգացմունքի հախուռն արտահայտություն, որ գիտակցությամբ դժվար է ղեկավարվում, այսինքնՙ զգացողություն, որ մարդ կրում է յուր մեջ (քաղց, ծարավ, հոգնածություն եւ այլն), ներքին զգացում ուրիշի վերաբերմամբ (մայրական, ծնողական, հայրենասիրական եւ այլն), հոգեկան հուզմունք, գրգիռՙ ծնված սաստիկ զգացումից, հատկապեսՙ բարկություն եւ, վերջապես, սեռական տարփանք, ցանկություն» եւ այլն: Իսկ ի՞նչ է կրոնը, որ գրաբարում ավելի շատ գործածվել է կրոնք ձեւով. «կարգ, կանոն, վարք, կենցաղավարություն, ծես, արարողություն, աստվածապաշտության կարգ, մարդու հավատը առ Աստված եւ այն ծեսը, որով արտահայտվել է այդ հավատը տարբեր ազգերի մեջ»: Առաջին հայացքից թվում է, թե որեւէ կապ չկա կրոն եւ կիրք բառերի եւ հասկացությունների միջեւ: Բայց այդպես չէ: Բանն այն է, որ թե՛ կրոն բառը, թե՛ կիրք բառը ծագել են կիր (կրել) արմատից, կրոն -ըՙ ոն մասնիկով, իսկ կիրք բառը կիր -ի հոգնակին է: Կիր -ը կենսունակ արմատ է, եւ նրա նախնական իմաստը եղել է «բեռնելով տանել, կրել»: Ծագել է հնդեվրոպական նախալեզվի «ծանր» իմաստից: Այսինքնՙ կրոն -ը եւ կիրք -ը ծագել են նույն կրել բառից: Ահա թե այս մասին ինչ է գրում Ղ. Ալիշանը. «Մեր ունեցած այս անունը (կրոնը) մեծապես եւ սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը, թերեւս ավելի լավ, քան այլ լեզուները: Լատիներենը (եւ նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել». համեմատիրՙ մարդկանց Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանցՙ իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապանք, քան կրոնն է, չկա... Այսինքնՙ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետեւում է նրա եւ նրան հավատացողների կապը: Իսկ մեր կրոն բառը դրսեւորում է ինքնաբերություն: Ով գրաբար հայերենը փոքր-ինչ գիտե, գիտե նաեւ, որ կիր -ը կրել -ի արմատն է, եւ ինչպես կրոնք -ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում է ու ասվում է կիրք… Ամենքն էլ գիտենՙ ինչ ասել է կիրք , թեեւ գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին բուռն ինքնաբեր զգացումը. այս անունով են իմացվում նաեւ այլեւայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ. կրոնք անունը վերապահվել է հավատի զգացողությանը… Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին եւ հզորագույն կիրքը: …Իր նշանակությամբ այս բառը, արդարեւ, շատ գեղեցիկ, փիլիսոփայական եւ նույնիսկ սրբազան գյուտ ու հարմարություն է: Եվ ազգի կամ լեզվի համար մեծ պարծանք կարող է համարվել, որ այսպիսի կամ սրան համազոր նշանակություն կրող բառ ունի: …Մեր երկրի դիրքը, ազգային եւ հին պատմությունները, ըստ մեր դատման, վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, եւ դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը»: Ահա թե ինչ հետեւություններ է անում Ղեւոնդ Ալիշանը մեն մի հատիկ բառը քննելով, ինչ ընդհանրացումներ կատարումՙ երկյուղածորեն մոտենալով հայերեն բառին: Մեն մի հատիկ բառից տրամաբանորեն բխեցնում է հայերի միաստված լինելը հնագույն ժամանակներումՙ կրոնը համարելով մարդու գերագույն կիրքը: Մնում է ավելացնել, որ Էդ. Աղայանը այս նույն կիր արմատից է բխեցնում նաեւ կարիք, կարոտ, կարեւոր բառերը: |