ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ է խայտառակությունը. «ամոթալի, զազրելի գործ, ծաղր ու ծանակի առարկա դարձած արարք, վատ, տգեղ, անպատվաբեր վարքագիծ» եւ այլն: Ի՞նչ կազմություն ունի խայտաբղետ իմաստներ ունեցող այս բառը: Խայտառակ բառն ստացվել է խայտ եւ առակ արմատների միացմամբ եւ նշանակում է «նշավակ, առարկա ծաղրի, նշան առակի»: Մի արմատն է առակ -ը, որի մասին նախորդ զրույցում խոսեցինք: Ավելացնենք միայն, որ թե՛ խայտ -ը, թե՛ առակ -ը բնիկ հայերեն բառեր են: Խայտ -ը հնդեվրոպական արմատ է, սկզբնապես նշանակել է «լույս, փայլել, երեւալ, այրել»: Հետագայում նշանակել է «խատուտիկ, պիսակավոր». հիշենք կարմրախայտը եւ խատուտիկը: Նշենք նաեւ, որ խայտ -ի փոխարեն այժմ, չգիտես թե ինչու, գործածում են օտար խալ բառը: Խայտալ հայերենում նշանակում է «ուրախությունից թռչկոտել, սաստիկ ուրախանալ»: Գերմաներենում կա heiter «ուրախ» բառը, որը թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ գրեթե նույնն է մեր բառի հետ: Խայտ բառից է նաեւ խայծ -ը, որի բուն եւ առաջին նշանակությունն է «պիսակ, բիծ»: Խայծ նշանակել է նաեւ «չորս կողմը պատող սպիների մեջ մաքուր մնացած մի կտոր տեղՙ մարմնի վրա»: «Արտի մեջ մի փոքր չվարած մասը» նույնպես խայծ է: Սրանցից էլ փոխաբերաբար բխում է սակավության, նվազության գաղափարըՙ «մի քիչ, փոքր ինչ, մի պատառ»: Հենց այս վերջինից էլ առաջացել է «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր կարթի ծայրին են ամրացնում ձուկ բռնելու համար» իմաստը: Չնայած խայծ կարող էին դառնալ հենց սպիները եւ ոչ թե սպիների մեջ մաքուր մնացած մի կտոր տեղը: Չէ՞ որ տղամարդիկ սիրում են հպարտանալ իրենց սպիներով, որոնք կանանց համար կարող են լինել խայծ: Փոխաբերաբար խայծ նշանակում է «մեկին հրապուրելու, իր կողմը գրավելու, որեւէ ծուղակի մեջ գցելու միջոց»: Ասենքՙ օձի լեզուն խայծ է կնոջ սիրտը գրավելու համար: Ճիշտ է, օձի լեզու ունենալը կարծես թե քիչ է, պետք է նաեւ այդ լեզուն թափել : Վերջում նշենք, որ գավառական խատուտիկ, խատուլիկ «գույնզգույն, սիրունիկ» բառերը դարձյալ խայտ -ից են: Խատուտիկ ծաղիկը իր անունն ստացել է, ամենայն հավանականությամբ, կամ դեղին ծաղկապսակի պատճառով, կամ սպիտակ սերմնագլխիկի: |