ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ Կտավ նշանակում է «1. վուշի բույսը, 2. նույն բույսից գործած կտոր, քաթան, 3. քաթանից հագուստ, 4. գեղարվեստական նկար, 5. գեղարվեստական ստեղծագործություն» եւ այլն: Հայերենում լայն գործածություն ունեցող այս բառը, կարելի է ասել, մի բազմազավակ բառամայր է: Ի՞նչն է այսպիսի եզրահանգման հիմքը: Բանն այն է, որ կտավ բույսի հայրենիքը Հայաստանն է, որտեղից այն տարածվել է Եվրոպա եւ Արեւելք: Կտավ բառը մեկնաբանվում է կուտ բառովՙ նրա պարունակած բազմաթիվ կուտերի (կտավատի) պատճառով, որոնցից, ի դեպ, պատրաստում են կտավաձեթը: Ամենավաղ ժամանակներում հայերենից բառը փոխառել են աքքադացիները, շումերները, ասորիները: Այնուհետեւ այն տարածվել է բոլոր սեմական լեզուների մեջ եւ ամբողջ Եվրոպայում: Հրեաները մեզնից փոխառած բառը տվել են հույներին, արաբներըՙ պարսիկներին, իտալացիներին: Ֆրանսիացիներն ու անգլիացիները հիմա հիանալի վերնաշապիկներ են կարումՙ վրաները գրելովՙ coton կամ cotton : Դա մեր կտավ -ն է, որը ձեռք է բերել նաեւ բամբակ նշանակությունը այդ լեզուներում: Հայերեն այս բառը եւս հպարտությամբ է լցնում մեր հոգիները, իր մեջ ծվարած պահում դարերի շունչը, հայ ցեղի երբեմնի հզորությունն ու գալիքի հույսը: Փառք Աստծու, այսօր եւս մեզանում ստեղծված են հասկացություններ, եւ դրանց համապատասխան բառերը տարածվում են աշխարհով մեկ: Օրինակՙ «Նարինե», արմենիկում, նաիրիտ եւ այլն: |