ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ Կարծիք կա, որ մետաղների հայերեն անուններից բնիկ հայերեն է միայն արծաթ -ը: Ոսկի, պղինձ, արույր, երկաթ, կապար, արճիճ, անագ բառերի ծագումը կարոտ է լուսաբանության: Եվ սա այն դեպքում, երբ 5-6 հազար տարի առաջ մենք մետաղաձուլարաններ ենք ունեցել Մեծամորում: Նորից գալիս ենք այն մտքին, որ լավ չենք պահում մեր ստեղծածը, խանդ չունենք մեր ստեղծածի վրա, ներողամտորեն կամ անօգնական զիջում ենք մերը, փոխարինում ուրիշի տվածովՙ սկսած աստվածներից, վերջացրած գույների անվանումներով: Այնուամենայնիվ, տեսնենք, թե որտեղից են եկել մետաղների հայերեն անվանումները: Սկզբում անդրադառնանք երկաթ բառին: « Երկաթ, կապար, ոսկի բառերի աղբյուրը կարող է ուրարտերենը լինել», - վկայակոչելով Հ. Աճառյանինՙ նշում է Գ. Ջահուկյանը: Երկաթը արծաթի, ոսկու եւ պղնձի պես մաքուր չի լինում, եւ երկաթ ստանալու համար պետք է երկաթահանք գտնել, հալել, այսինքնՙ տիրապետել բավականին բարդ տեխնոլոգիաների: Միայն վերջերս են հայտնի դարձել Մեծամորի մետաղաձուլարանները, որոնք հինգհազարամյա պատմություն ունեն, եւ լեզվաբանները չեն էլ մտածել, որ հենց հայերը կարող էին անվանել երկաթը, ինչպես անվանել են երկինքն ու երկիրը: Չէ՞ որ երկաթի գյուտը նոր դարագլուխ է բացում քաղաքակրթության պատմության մեջ: Ուշագրավ է, որ երկաթ արմատից է կազմված հայերեն խաչերկաթ բառը: Հայերեն խաչերկաթ (թոնրի բերանին դրվող խաչաձեւ երկաթ, թոնրի վրա կաթսաներ, ամաններ դնելու եւ մեջը շամփուրներ կախելու համար) բառը հայերեն շատ բառերի նման ծառայում է նաեւ այլ լեզուների: Մինչեւ վերջերս գյուղական դարբինները պատրաստում էին խաչերկաթ. երբեմնՙ նախշերով, երբեմնՙ շատ հասարակ: Այն գյուղական կենցաղի ամենաանհրաժեշտ եւ ամենապարզ գործիքներից էր: Չէ՞ որ թոնրի վրա էին եփվում բոլոր տեսակի ճաշերը, թոնրի մեջ էր թխվում հացը, թոնիրը տաքության, ջերմացման միակ աղբյուրն էր, թոնրի մեջ վառվում էր աթարը, քակորը` անասունների չորացած թրիքը: Կեսարիայի թուրքերը, այնուհետեւՙ թաթարները, հայերենից փոխառում են խաչերկաթ բառը եւ տարածում աշխարհով մեկ: Օրինակ` հայերենից է փոխառյալ ռուսերեն кочерга (փռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթյա կեռ) բառը: Նույն նշանակությամբ այդ բառը հայերենից փոխառել են նաեւ ուկրաինացիները, լեհերը, սերբերը եւ այլն: Առաջին խաչերկաթը պատրաստող հայ մարդու մտքով չէր անցնի, թե քանի՜-քանի ժողովուրդ կվերցնի թե՛ այդ գործիքը եւ թե՛ գործիքի անունը: Հուսանք, որ մենք կրկին նոր գործիքներ, նոր սարքեր կարտադրենք, կկնքենք հայերեն բառերով, եւ այդ բառերը կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ, ինչպես նաիրիտ -ը, արմենիկում -ը եւ այլն: Ոսկի բառի համար ճշգրիտ ստուգաբանություն չկա. Հ. Աճառյանը մերժում է բոլոր ստուգաբանությունները: Հետաքրքրական է, որ ուգրո-ֆիննական լեզուներում պղինձ հասկացությունը նշելու համար գործածվում է vaski (վասկի) բառը, որը հնչողությամբ բավականին մոտ է մեր ոսկի բառին: Պղինձ բառը փոխառություն է համարվում իրանյան լեզուներից: Զարմանալի է, քանի որ պղինձը ոսկու եւ երկաթի համեմատ ավելի ցածր ջերմաստիճանում է հալվում: Մետաղագործության հազարամյակների ընթացքում հայերը դժվար թե պղնձի համար չունենային իրենց բառը եւ փոխառեին ուրիշներից: Դարձյալ պատմական իրողությունների ոչ ճիշտ գնահատումը տվել է նաեւ բառի ոչ ճիշտ ստուգաբանություն: Միայն արծաթ բառն են համարում բնիկ հայերենՙ ծագած հնդեվրոպական նախալեզվի areg «փայլել» արմատից: Տարբեր մասնիկներով այն տվել էհունարենումՙ արգորս , սանսկրիտերենումՙ րաժաթա , պարսկերենումՙ արդաթա եւ այլն: Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, մետաղների անունները կարոտ են լուսաբանման: Գիտության նոր տվյալների օգտագործումը, կանխակալ զանազան կարծիքներին տուրք չտալը, հայերի եկվորության վարկածի բացառումը հաստատապես նոր էջ կբացեն նաեւ հայերեն բառերի, մասնավորապեսՙ մետաղների անվանումների ստուգաբանության համար: |