ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ Այս անգամ կխոսենք թափանցել բառի մասին: Բառի երկրորդ բաղադրիչը ակնհայտորեն նույնանում է անցնել բառի հետ: Իսկ առաջին բաղադրիչըՙ թափ -ը, այստեղ այնքան էլ հասկանալի չէ: Թափ այժմ նշանակում է «մարմնական ուժ, զորություն», «շարժման արագությունից մարմնին հաղորդվող ուժի սաստկացում», «իներցիա», «ուժերի լարում, եռանդ», «բախման ուժ, զարկերի ուժգնություն»: Ինչպես տեսնում ենք, թափ -ի այս իմաստներից ոչ մեկը հարմար չէ թափանցել, թափանցիկ բառերի դեպքում: Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այդ բառերի մեջ թափ -ը: Բանից պարզվում է, որ թափ հնում նշանակել է նաեւ «տակը, հատակ, խորք»: Ահա թափ -ի այս նշանակությունն էլ հենց կա թափանցել, թափանցիկ բառերի մեջ: Գրաբարում ունեցել ենք թափ անցանել արտահայտությունը, որ նշանակել է «մինչեւ խորքը անցնել, մինչեւ տակն անցկացնել»: «Եվ որովհետեւ մինչեւ տակն անցնելը մինչեւ մյուս ծայրն անցնելն է, ուստի եւ թափ անցանել նշանակում է նաեւ «մի կողմից մինչեւ մյուս կողմը, մի ծայրից մինչեւ մյուսն անցնել մի բանի միջով» , - գրում է Մ. Աբեղյանը: Հենց այս իմաստներով էլ այժմ գործածվում է թափանցել բառը: Իսկ թափանցիկ նշանակում է «մի բան, որի միջով լույսը թափանցում է, որի միջով կարելի է տեսնել մյուս կողմը»: Իսկ քանի որ հիմա թափ բառը չունի «հատակ, խորք, տակը» նշանակությունները, ապա մենք թափ -ն ընկալում ենք իբրեւ մի նախամասնիկ: Հետաքրքրական է նաեւ թափել բառը, որը նշանակում է «անոթի, ամանի պարունակությունը դատարկել»: Ամենայն հավանականությամբ նշանակել է «տակը, հատակը, խորքը (այսինքնՙ թափը) ցույց տալ»: Մի զարմանալի բան եւս. մեր բարբառներից մեկում թափել նշանակում է «լցնել» եւ ոչ թե «դատարկել»: |