RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ

«Մի ծանոթ տեսա. այնքան էր փոխվելՙ չճանաչեցի»: Այստեղ գործածված է երկու բառՙ ծանոթ եւ ճանաչել :

Արդի հայերենի բառարաններում ծանոթ նշանակում է «նախապես ճանաչված, հայտնի»: Իսկ ճանաչել նշանակում է «ծանոթ լինել, գիտենալ մեկին, որեւէ բան»: Տեսնենք, թե ինչ կապ կա ծանոթ եւ ճանաչել բառերի միջեւ:

Ծանոթ եւ ճանաչել երկու բառերն էլ ծագում են նույն ծան արմատից: Զարմանալի է, որ ճանաչել բառի նախավոր ձեւն է ծանաչել : Այստեղ ծ -ն, ազդվելով չ -ից, վերածվել է ճ -ի:

Հետաքրքիր է, որ ծան արմատի հետ է կապվում նաեւ ծանակ «խաղք, խայտառակություն» բառը: «Նոր հայկազյան բառարանը» բառի իմաստը ներկայացնում է հետեւյալ կերպ. «Իբր բոլոր մասերը ճանաչված, ծանոթ մորե մերկ ծնածի պես»: Այսինքնՙ ում բոլոր մասերը ճանաչված են կամ ծանոթ են, նա խայտառակված է, ծանակված է:

Կարծիք կա, որ խրախճան, դավաճան, ճակաճան, տիրաճան բառերի մեջ նույնպես ճանաչել բառի ճան արմատն է: Խրախճան ՙ «խրախ (ուրախություն) ճանաչող», դավաճան ՙ «դավ ճանաչող, դավին ծանոթ», ճակաճան ՙ «էգին ծանոթ, իգամոլ», տիրաճան ՙ «տիրոջը ճանաչող, սիրող»:

Ծան -ը բնիկ հայերեն բառ է: Այլ լեզուներում եւս պահպանվել են հնդեվրոպական նախալեզվից եկող այս արմատի զանազան դրսեւորումներըՙ հնդկերեն ջանը , զենդերենՙ զանը , գերմաներենՙ քենեն , ռուսերենՙ знать եւ այլն:

Այս արմատով հնում ունեցել ենք հետաքրքրական նշանակություններով բառեր, որոնք հանիրավի դուրս են մղվել, բայց այսօր էլ շատ լավ կծառայեն մեզ: Օրինակՙ դյուրածան , որ նշանակում է «դյուրին ճանաչվող, հեշտ վերծանվող»:

Ծան արմատի «հայտնի դարձնել», «ճանաչել տալ» նշանակությունները նկատի ունենալովՙ այսօր կարելի է, օրինակ, ռասկրուտկա անել անհեթեթությունը հայերենում արտահայտել ծանել բառով. որեւէ երգչի, երգչուհու ձայներիզը, ձայնասկավառակը գովազդով ճանաչել տալըՙ գովածանում , նաեւՙ երգչի, երգչուհու գովածանում : Այսինքնՙ գովազդելով հայտնի դարձնել, ճանաչել տալ, գովածանել :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ