RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ

Ե՛տ եկեք

Գարնան վարար գետ եկե՜ք,

Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,

Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

Հովհ. Թումանյան

Մեծն Թումանյանը գործածել է հետ եւ ետ բառերը, ընդ որումՙ իմաստային տարբերություն դնելով դրանց մեջ. հետ եկեք ՙ «միասին եկեք», ետ եկեք ՙ «վերադարձեք»: Տեսնենք, թե սրանք ի սկզբանե՞ տարբեր բաներ են եղել:

Նախ տեսնենք, թե որտեղից են եկել մեր այս հետ -ն ու ետ -ը: Հնդեվրոպական նախալեզվի ped արմատը տվել է հետ, յետ, ետ , իսկ նույն նշանակության pod արմատըՙ ոտ, ոտն :

Այսինքն, որքան էլ զարմանալի է, հետ բառը սկզբնապես նշանակել է «ոտք»: Այս նշանակությունը, հետո տեղի տալով ոտք բառին, ջնջվել է, բայց մնացել են նրանից ածանցված նշանակություններըՙ «հետք» (ոտքի կոխած տեղի նշանը), «ճանապարհ», «հետեւից», «միասին», «միատեղ», «հետը»:

Օրինակ, արահետ լայն առումով նշանակում է «ճանապարհ»: Կազմված է այր եւ հետք բառերից: Գիտենք, որ այրը տղամարդն է, իսկ հետքըՙ մարդու ոտք կոխած տեղը: Այր բառը բարդվելիս տալիս է ար , ինչպեսՙ արու, արի, արական : Իսկ երկրորդ բաղադրիչըՙ հետ , այստեղ իր սկզբնական իմաստով է հանդես գալիս, այն էՙ «ոտք»: Այսինքնՙ արահետ նշանակել է «տղամարդու ոտքի տեղ»: Հետ -ը ստացել է նաեւ ժամանակ արտահայտող նշանակություն. այսպեսՙ առաջին հետ ՙ «առաջին անգամ», միահետ ՙ «մի անգամ», հետագա ՙ «հետո եկող» եւ այլն: Այս զանազան առումներով են կազմված հետազոտել, հետամուտ, հետամտիկ ՙ «փախչող թշնամու հետեւից հետապնդելու համար ուղարկված զինվոր»: Այս վերջին բառը, կարծում եմ, պետք է իր լիիրավ տեղը զբաղեցնի ժամանակակից հայոց բանակի բառապաշարում, ինչպես նաեւ հետարածի բառը, որ նշանակում է «լրտեսելու համար գաղտնի հետեւից գնալով»: Ինչպես ասացինք, հետ արմատի տարբեր ձեւեր են ոտն, յետ, ետ : Ոտն արմատից է մեզ քաջածանոթ հետիոտն բառը, ինչպես նաեւ հոտնկայս ( յոտնկայս ) բառը:

Վերջինս, ինչպես գրաբարյան մեկ այլ բառ եւսՙ յոտնկելեաց -ը, նշանակում է «ոտքի կանգնած»: Սակայն մեր խոսակցական լեզվում շատ են չարչարում այս բառըՙ աղավաղելով մինչեւ անճանաչելիության աստիճանՙ ոտնկույս, ոտնկուց, հոտնկույս, ոտնկաց եւ այլն:

Յետ արմատից ունենք հիանալի մի բառՙ հետուստ , որ նշանակում է «հետեւը, կռնակը, հետեւից, հետո, վերջը»: Նմանությամբ կարելի է ներուստ բառը գործածել ինտերիեր օտար բառի փոխարեն:

Հետաքրքիր է, որ վերնագրում նշված հետաքրքիր բառի կազմության մեջ նույնպես հետ (ոտք) արմատն է:

Ասվածից հետեւում է, որ թե՛ ի սկզբանե եւ թե՛ այժմ երկվությունն առկա է, եւ հնարավոր էլ չէ իմանալ, թե երբ պետք է գրել հետ , երբՙ ետ : Մնում է մի ճանապարհՙ հետեւել տերմինաբանական կոմիտեի որոշմանը, չնայած, այնուամենայնիվ, մի նրբերանգ կորչում է:

«Գրաբարի բառասկզբի յ հնչյունիՙ հետագայում հ -ի փոխվելու հետեւանքով համանունների թվում առաջացել են նաեւ ետ նախադրության եւ յետ -ից առաջացա ծմակբայի արտասանական համանուններ»:

«բարբառների ու արեւմտահայերենի ազդեցությամբ վերջերս հետ (ետ) արմատը նաեւ գրվում եւ արտասանվում է ետ »:

«Այսուհետեւ հետ (ետ) արմատը ամենուրեք, անջատ թե բաղադրյալ, գրել եւ արտասանել հետ »:

Սրանք մեջբերումներ են տերմինաբանական կոմիտեի 1986 թ. սեպտեմբերյան որոշումից:

Այսինքնՙ մոտ երկու տասնամյակ է անցել այս որոշումն ընդունելուց հետո, բայց գրականության մեջ, մամուլում, բանավոր խոսքում դեռեւս տարբերակվում են հետ -ը եւ ետ -ը:

Ինչպես ասացինք, այս բառը տարբեր լեզուներում առաջացել է հնդեվրոպական նախալեզվի pedo ձեւից, որը ձայնային զանազան փոփոխություններով մտել է հնդեվրոպական լեզուների մեջ:

Այսպես. անգլերենում դարձել է foot , որիցՙ ֆուտբոլ «ոտքի» գնդակ: Եթե մենք այսօր ֆուտ -ը փոխենք հայերեն ոտ -ով, կստանանք ոտբոլ , եւ քանի որ բոլ -ը նշանակում է նաեւ «կլոր, գունդ», ապա կարող ենք ոտբոլ -ը համարել հայերեն բառ եւ ֆուտբոլ -ի համարժեքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ