ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ Հայերեն արական անուն է. կազմված Աստված եւ տուր բառերիցՙ իբրեւ «Աստծու տվածը»: Այս անունը մեր մեջ ձեւափոխվելով ու կրճատվելովՙ ստացել է զանազան ձեւեր, երբեմն փոխվելով մինչեւ անճանաչելիություն: Այսպեսՙ Ասծատուր, Ասվատուր, Ասպատուր, Ասատուր, Աստուր, Աստիկ, Ասպա, Ասո, Ծատուր, Ծատի , նաեւ Տատուր , եւ, վերջապես, Տատ : Այս անունները հայերի մեջ ավանդված են 14-րդ դարից: Հետաքրքրական է, որ «Աստծու տվածը» գաղափարը կա նաեւ հայերեն այլ անուններումՙ Խաչատուրՙ «Խաչի տվածը», Տիրատուրՙ «Տիրոջ տվածը», Քրիստոսատուրՙ «Քրիստոսի տվածը» եւ այլն: Համապատասխան անուններ կան նաեւ այլ ազգերի մեջ, օրինակՙ ասորականՙ Իլի-Վահաբա, եբրայականՙ Նաթանայել, պարթեւականՙ Բագարատ, թուրքականՙ Խուդավերդի, Ալլահվերդի, հունականՙ Թեոդորոս, լատինականՙ Դեոդատուս, գերմանականՙ Գոթգիբ, ռուսականՙ Բոգդան եւ այլն: Այս բոլոր անուններն էլ նշանակում են «Աստվածատուր, Աստված է տվել»: Հրաչյա Աճառյանն իր «Հայոց անձնանունների բառարանում» հիշատակում է 190 նշանավոր Աստվածատուրի: Նրանցից մեկի մասին կա մի այսպիսի պատմություն: Աստվածատուր Խթայեցի: Մանուկ էր, որին Խթայի հեծյալները գերելովՙ վաճառքի հանեցին: Բաղիշեցի Մխիթար անունով վաճառականը, որ Ատրպատականի, Ղումի, Շիրազի, Խորասանի, Սամարղանդի, Բուխարայի վրայով մինչեւ Հնդկաստան եւ Խթայ էր հասել, գնեց նույն մանուկին եւ հետը Բաղեշ բերավ, ուր, իբրեւ իր որդուն, պահում էր: Երեխան մեծացավ եւ ընդունեց քրիստոնեությունը, մկրտվեց եւ կոչվեց Աստվածատուր: 18 տարեկան պատանի էր արդեն: Թուրքերը չարախոսեցին, թե նա մահմեդականի որդի է եղել եւ պահանջեցին, որ ուրանա քրիստոնեությունը: Նա մերժեց: Սկսեցին տանջել. ծեծեցին, սառած գետնի վրա կապեցին, մեջքին կրակ վառեցին, կրակե հողաթափեր հագցրին, մարմինը սրով ծակոտեցին, ձեռքերի մեջ կրակ լցրին, հետո մոլլային հանձնեցին, որպեսզի կրթի, խրատի ու համոզի: Ամեն ինչ զուր անցավ: Ութ ամիս տանջելուց հետո քարկոծելով սպանեցին 1519 թ.: Նրա նահատակության վրա 30 տուն մի տաղ գրեց Գրիգորիս Աղթամարցինՙ հայերեն, պարսկերեն եւ թուրքերեն լեզուներով: Այսինքնՙ հավատից եւ անունից չի կարելի այդքան հեշտությամբ հրաժարվել եւ հայկական անունների փոխարեն Այբբենարանները լցնել Օֆիկ-Սոֆիկներով, Ռաֆիկ-Պետիկներով, Վալերիկ-Անժիկներով եւ այլն: |