RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է

Ընդհանրապես, այո, խայթը, խայթելը մեկի համար խթան կարող է լինելՙ թե՛ ցավագին եւ թե՛ առաջմղիչ: Սաՙ բովանդակային առումով, իսկ զուտ լեզվական տեսակետից խայթ եւ խթան բառերը գրեթե նույնն են: Որովհետեւ խայթ արմատի զանազան դրսեւորումներն են խեթ, խէթ, խիթ, խութ, խոթ բառերը:

Նախՙ վերհիշենք բառերի նշանակությունները: Խայթ ՙ «խայթոցով ծակելը, խոցելը»: Փոխաբերական առումովՙ «հոգեկան տվայտանք, որ առաջանում է վիրավորանքից, խղճահարությունից, զղջումից»: Խայթոց ՙ «որոշ միջատների պաշտպանողական եւ հարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ, կնճիթ»: Խեթ ՙ «խոժոռ, խոլոր, խիստ»: Խեթ նայել ՙ «խոժոռ, անբարյացակամ նայել»: Խեթահար ՙ «չար աչքի եկած»: Խիթ ՙ «ծակոց, ցավ, վերք, խոց»: Խոթել ՙ «մտցնել, խթել»: Խթել «մի բան առաջին անգամ ուտել, նուբար անել»: Խութ ՙ «ճանապարհին դուրս ցցված քար, խոչ, ջրի մեջ կամ նրանից դուրս ցցված ժայռ», փոխաբերական առումովՙ «արգելք, խոչընդոտ»:

Խայթ բառը իր զանազան դրսեւորումներով ծագում է հնդեվրոպական նախալեզվի «հրել, ճնշել, պատռել» իմաստներից: Իսկ մյուս նշանակություններըՙ «խոժոռ, խոլոր, խիստ, խղճի խայթ, առաջին անգամ ուտել, խոչընդոտ» եւ այլն, կազմված են փոխաբերաբար:

Հետաքրքիր է խիթ արմատից կազմված կաշառ խթել արտահայտությունը, որ նշանակում է «կաշառք կերցնել»: Նույն խիթ արմատից են խթել «խայթել, մշտել, բոթել» եւ խթան «խթելու գործիք» բառերը: Քանի որ խիթ բառի նախնական եւ հիմնական իմաստն է «փորի, կողի կամ ոտքի ցավ», ապա պարզ է խթել եւ խթան բառերի կազմությունը:

Անչափ հետաքրքիր կազմություն է գաղտախթել բառը, որը նշանակում է «ծածուկ կաշառել»: Ըստ դրա կարելի է լավ բառ ստեղծել այսօրվա կոռուպցիա բառի համար:

Ինչեւէ: Ինչքան աներեւույթ խորություններ կան բառերի ներսում, ինչքան հետաքրքիր է բառի վրայից թզենու տերեւը վերցնելը եւ էությունը բացելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ