RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ

Այսօր մեր լեզվում հաճախ ենք հանդիպում սակարան «բորսա, բիրժա», սակագին «տաքսա», սակահաշվիչ «տաքսամետր», սակահեռախոս «տաքսաֆոն», սակարկ «համաձայնություն որեւէ բանի գնի վերաբերյալ», սակարկություն , սակարկել «գործարքի ժամանակ զիջումների առաջարկներ, պահանջներ արտահայտել», սակարկու «սակարկել սիրող», սակ «ապրանքների, աշխատանքների ճշգրիտ սահմանված արժեք, գին, հարկ, տուրք», սակադիր «սակադրության մասնագետ», սակադրություն «որեւէ բանի գինը որոշելը, դնելը, տաքսացիա», սակացույց «սակերի ցուցակ, որեւէ կարգի ապրանքների մաքսերի ցուցակ, տարիֆ» բառերին:

Ինչպես տեսնում ենք, սակ -ը մեր լեզվում ճոխ զարգացում ստացած արմատ է, եւ նրանով ստեղծված բառերը բարեհունչ են, արտահայտիչ, կարճ: Բայց, չգիտես, թե ինչու, այդքանով հանդերձՙ քիչ գործածական: Գուցե դրան նպաստել է այն հանգամանքը, որ սակ -ը համարվել է փոխառություն պարսկերենից, եւ դա ինչ-որ տեղ խանգարել է հարազատի նման վերաբերվել նրան: Բայց արդյո՞ք սակ -ը փոխառություն է պարսկերնից: «Արմատականում» բերելով սակ եւ բաժտերմինների պարսկերենից փոխառություն լինելըՙ Հ. Աճառյանը նաեւ նշում է, որ ըստ Թ. Ավդալբեկյանիՙ սակ նշանակել է «թիվ, համար, չափ», հետո նորՙ «ընդհանրապես հարկ»: Այս դեպքում սակ -ի «պայման» եւ «տուրք» իմաստները պիտի միանային իրար: Սակ -ի «տուրք» իմաստը իրանական է, ուստի եւ իրանական բառի նախնական իմաստն էլ պիտի լիներ «համար, թիվ» եւ այլն: Բայց իրանական բառի ծագումը հայտնի չէ եւ հնարավոր չէ այդ երկուսը միացնել իրար: Այսինքնՙ մինչեւ վերջ դեռ հայտնի չեն բառի նախնական իմաստը եւ ծագումը: Բարեբախտաբար այս բառի մասին իր կարծիքն ու մեկնությունն ունի նա եւԳր. Ղափանցյանը: Ըստ նրաՙ սակ -ի ելակետային հիմնական իմաստն է եղել «նշանակված, որոշված»: Ինչպես շատ լեզուներից է հայտնի, դա բխել է հին կրոնական ըմբռնումներից, որ Աստված է սահմանում, նշանակում մարդկանց վիճակը, բախտը, բաժին է հանում այս կամ այն չափով եւ այլն: Հայոց սակ արմատը այդ հին մնացորդներից էՙ «չափորոշիչ, կացություն, վիճակ, չափ, թիվ, օրենք» եւ այլ նշանակություններով: Գր. Ղափանցյանը լեզվաբանական եւ այլ նյութերի հիման վրա ցույց է տալիս, որ բառը նույն իմաստով կա նաեւ խեթերենում: Այնուհետեւ ավելացնում է, որ պարսիկներին այդ բառն անցել է ուրարտացիներից, ինչպես շատ ու շատ բաներ: Իսկ այսօր մենք գիտենք, թե ովքեր էին ուրարտացիները: Այսինքնՙ հայերից բառը վերցնում են, գործածում, մենք մոռանում ենք, հետո նորից մեզ են վերադարձնում, ու մենք ասում ենք, թե բառը պարսկերեն է, օտար է: Եվ կանխակալ վերաբերմունք ենք ցույց տալիս բառային հիրավի հրաշալի մի համակարգիՙ սակ, սակարան, սակագին, սակացույց, սակահաշվիչ, սակարկ, սակարկու, սակարկություն եւ այլն եւ այլն: Ժամանակն է, որ մեր բորսաներն ու բիրժաները դառնան սակարաններ , դիլերը կարող է դառնալ սակարկու եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ