ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ Հայերս Նոր տարվա սկիզբը նշելու համար գործածել ենք եւ հիմա էլ գործածում ենք նավասարդ, ամանոր, կաղանդ, տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ եւ, վերջապես, նոր տարի բառերը: Սրանցից մեզ համար առաջին հայացքից հասկանալի չեն նավասարդ եւ կաղանդ բառերը: Այժմ մանրամասն անդրադառնանք դրանց թե՛ ստուգաբանությանը, թե՛ պատմությանը: Նավասարդ - հին հնդկերեն նավա-սարատա , պարսկերեն նավասարհատու ՙ «նոր տարի»: Հին հայկական տոմարի առաջին ամիսը` նավասարդը, ավետել է նոր տարվա սկիզբը: Հայկ Նահապետը մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին սպանել է Բելին: Այդ ժամանակներից էլ հայերը նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Որոշ աղբյուրներ համարում են, որ Նավասարդը եղել է Հայկի առաջին որդու անունը: Կա նաեւ այսպիսի ստուգաբանությունՙ Նավասարդ ՙ «նավաստ ավարտ», այսինքնՙ «նավելը ավարտվեց, ջրհեղեղը վերջացավ»: Նավասարդի առաջին օրը համարվել է հայոց սրբազան տարեգլուխը: Ուխտավորներըՙ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգեւորականությունը տոնել են Նոյ Նահապետի եւ Ջրհեղեղի ,Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր հիշատակները: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով, պարերով, թատերախաղերով, ռազմախաղերով, զանազան մրցություններով, գուշակություններով եւ այլն: Այդ մեծ տոնահանդեսի հիշատակը մնացել է Արտաշես թագավորի այս խոսքերում. Ո՜ տայր ինձ զծուխ Ծխանի, Եւ զառաւօտն Նաւասարդի. Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց. Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանէաք, Որպէս օրէն է թագաւորաց: Բնականաբար, Ձմեռ պապի եւ Ձյունանուշիկ չեն եղել: Դրանք ավելի ուշ մտան մեր մեջ: 18-րդ դարում Սիմեոն կաթողիկոսի տոմարով հունվարն ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ: Իսկ ավելի վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին տոնել են գարնանային գիշերահավասարի օրըՙ մարտի 21-ին: Կապվում է նաեւ մշտապես մեռնող եւ հարություն առնող Արա աստծու պաշտամունքի հետ: Գիտնականների մի մասը պնդում է, թե Նավասարդ ամիսը համապատասխանում է այսօրվա մարտ ամսին: Կաղանդը հնում գործածվել է «ամսամուտ, ամսագլուխ, տարեգլուխ» նշանակություններով: Բառն այժմ արեւմտահայերն են գործածում եւ միայն «տարեգլուխ, ամանոր» նշանակությամբ: Փոխառված է հունարեն կալենդաե «ամանոր, ամսամուտ» բառից, որը ծագում է calo ՙ «կոչել» բայից: Մեզանում գործածական է նաեւ կաղանդացոյց բառը, որ նույն կալենդարն է, այսինքնՙ օրացույցը : Հետաքրքիր է, որ աքաղաղ բառի արմատն է հնխ. kel («կանչել») բայը: Հայերենում կար քալ ՙ «կանչել» բայը, որ նույն քաղ -ն է, կրկնությամբՙ քաղքաղ ՙ աքաղաղ : Ստացվում է, որ օրը բացում է աքաղաղը, ամիսըՙ աքաղաղը, տարին նույնպեսՙ աքաղաղը: Մյուս բառը ամանորն է, որ կազմված է հայերեն ամ «տարի» եւ նոր բառերից: Երբեմն շփոթում են արմատները, եւ, բառը կարծելով օր բառից, գրում են ամանօր , որն, իհարկե, սխալ է: Տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ բոլոր բառերն էլ նշանակում են տարվա սկիզբը, նոր տարվա առաջին օրը: Վերջում նշենք, որ ինչպես էլ կոչենք նոր տարին եւ գարնանը սկսենք, ամռանը, թե ձմռանը, թող բարի լինի այն մեր ժողովրդի համար, թող երկրագնդի ամեն մի պտույտի հետ իմաստության մի ծալք ավելանա մեր իշխանավորների ուղեղում եւ երջանկության մի նշույլ ավելացնի մեր ժողովրդի կենսասեր ու տագնապոտ սրտում: |