ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ Ի՞նչ է գայթակղությունը, որը նաեւ մեղք է համարվում: Մեղք է համարվում, եթե նույնիսկ մտքով ես գայթակղվում: Տեսնենք, թե ինչ բացատրություններ կան բառարաններում: Ըստ Հայկազյան բառարանիՙ գայթակղվել նշանակում է «գայթել, գլորվել մեղքի մեջ, պղտորվել մտքով եւ կամքով»: Ըստ Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարանի»ՙ նշանակում է. «1. Ոտքը խոչի դիպչել, սայթաքել, քթահարել: 2. Չար օրինակից մոլորվել, սխալմունքի մեջ ընկնել»: Ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» գայթակղություն նշանակում է. «1. Մոլորություն, մեղսալի արարք: 2. Գայթակղիչ պատճառ: 3. Հրապուրանք: 4. Խոչ, խութ, խոչընդոտ»: Այժմ տեսնենք, թե այս բառի մասին ինչ է գրում Հր. Աճառյանը «Արմատական բառարանում», եւ ինչ կազմություն ունի բառը: Ըստ այդ բառարանիՙ գայթակղվել նշանակում է «գլորվել ընկնել, մոլորվել, սխալվել, ոտքը քարի զարնվել»: Գայթակղել բառը, որի ավելի հին եւ ճիշտ ձեւն է գայթագղել , կազմված է գայթ եւ գիլ արմատներից: Գայթ -ը նշանակում է «ոտքը գայթելըՙ սահելը, սխալվելը կամ մոլորվելը, որոգայթ»: Իսկ գիլ -ը գլոր, (գլորվել) բառի արմատն է: Գայթակղել -ի մեջ նույն գիլ -ն է, որտեղ գ -ն դարձել է կ , լ -նՙ ղ : Այսպես պարզ է դառնում, թե ինչու է գայթակղվել նշանակում «սայթաքելով գլորվել»: Գայթակղության քար նշանակում է «հրապուրվելու առարկա, գայթակղվելու պատճառ»: Գայթակղությունը զսպել ՙ «կարողանալ չգայթակղվել, չսայթաքել, ճշմարիտ ճանապարհից դուրս չգալ»: Մեծ է գայթակղությունը մեղսալի արարքներ գործելու, բայց պետք է պայծառ պահենք մեր միտքը եւ կամքըՙ զորեղ: |