ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ Ինչպես գիտենք, ատյան -ը պատմականորեն նշանակել է «ժողովատեղի (դահլիճ, հրապարակ)»: Երկրորդ իմաստովՙ «նիստ, ժողով»: Եվ երրորդ իմաստով հիմա նշանակում է «խորհրդակցական մարմին»: Այժմ բազմաթիվ բառեր կան, որոնք կազմված են ատյան բառից: Տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել ատյան բառը: Նախՙ դասական ուղղագրությամբ այն գրվում է ատեան : Եա երկբարբառի գոյությունը բառի մեջ թույլ չի տվել քմայնացնել տ բաղաձայնըՙ այն դարձնելով ծ , ինչպես հիմա շատերը աղավաղված արտասանում են ածյան , փոխանակՙ ատյան : Սա, մասամբ, նաեւ հայ ռուսախոսների «շնորհիվ» է այսպես դարձել եւ դառնում: Եվ այսպեսՙ ատեան : Բառի սկզբնական, առաջին իմաստն է եղել «1. ժողով, ժողովի նիստ, 2. դատավորների ժողովը, 3. ժողովասրահ, դատարան, 4. դատաստան, դատարանի առաջ հարցաքննությունը»: Այնուհետեւ ատեան նշանակել է «ժամանակ»: Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս է տեղ ցույց տվող բառը հանկարծ սկսում ժամանակ ցույց տալ: Ճիշտ այնպես, ինչպես առաջ բառի դեպքում, որը տեղ է ցույց տալիս: Ինչպես հիշում եք, առաջ -ը կազմված է աջ բառիցՙ առնախդիրով: Աջ -ը նշանակել է «հաջողություն», իսկ որտեղ հաջողությունը, այնտեղՙ առաջադիմությունը: Իսկ առաջադիմությունը առանց ժամանակի գաղափարի անհնար է: Այդ պատճառով ընդհանրապես լեզուների մեջ այն բառերը, որ նշանակում են «առջեւ», նշանակում են նաեւ «նախ, նախապես, առաջուց», այսինքնՙ ժամանակ են ցույց տալիս: Ճիշտ այդպես էլ ատեան -ը, որը տեղ էր ցույց տալիս, հետզհետե սկսել է նաեւ ժամանակ ցույց տալ, որովհետեւ այս բառի հետ կապված է եղել որոշակի գործողության ժամանակըՙ նիստ եղած կամ լինելու ժամանակը: Եվ հետո, ընդհանրացմամբ, առհասարակՙ ժամանակ: Արեւմտահայերենում ատեն ուղղակիորեն նշանակում է «ժամանակ»: Հակառակն է տեղի ունեցել ժամ բառի դեպքում, որն սկզբում ցույց է տվել ժամանակՙ եկեղեցական արարողության ժամանակը, այնուհետեւ տեղՙ եկեղեցի: Հետաքրքիր բառեր ենք ունեցել, որտեղ ատեան -ը նշանակել է «ժամանակ». ատենահասՙ «ատենինՙ ժամանակին հասնող»: Այս բառը տրվել է Ս. Սարգսին: Ունենք ատեան հողմոյ բառակապակցությունը, որ նշանակում է «քամի փչելու ժամանակը»: Այսօր դիսերտացիա օտար բառի դիմաց ունենք ատենախոսություն հայերեն բառը: Այս բառը բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) առաջարկած բառն է, որը հաստատեց եւ կյանք մտցրեց Լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհուրդը: Ատենախոսություն բառն, իհարկե, շատ վաղուց կար եւ նշանակում էր եւ է «ատյանում խոսող, ճառող», «հրապարակային տեղերում հասարակության առաջ որեւէ հարցի մասին խոսող»: Ատյան բառի առաջին նշանակությունից (այսինքնՙ ժողով, ժողովի նիստ) են բխում ատենակալ, ատենաքարշ, հանդիսատյան բառերը: Հանդիսատյան բառը հիմա էլ շատ լավ կարող է ծառայել մրցահանդեսի ժյուրի բառակապակցության փոխարեն: Ընդհանրապես ժյուրի բառի փոխարեն ես վաղուց առաջարկել եւ գործածել եմ մրցատյան բառը, որը, կարծում եմ, գոյության իրավունք ունի: Հետաքրքիր է, որ ատեան բառը, ինչպես նաեւ նիստ բառը ծագել են հնդեվրոպական նախալեզվի esd «նստել» արմատից: |