RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ

Ո՞վ չի սիրում մածուն. երեւի չկա այդպիսի մեկը: Իսկ ո՞վ է առաջին անգամ մածուն մերել, եւ ո՞վ չի վախեցել ու այդ մերածը կերել է: Որտեղի՞ց է գալիս մածունը, ո՞վ է առաջին անգամ այդ ուտելիքը անվանել մածուն: Անշուշտ, հետաքրքիր հարցեր են. փորձենք խորանալ: Տեսնենք, թե որն է մածուն բառի արմատը, բնիկ հայերե՞ն բառ է, թե՞ ոչ:

Առաջին իսկ հայացքից երեւում է, որ մածուն բառի արմատն է մած -ը: Մած «կպած, կից, իրար միացրած» արմատով բազմաթիվ բառեր կան հայերենում. մածուցիկ «կպչուն հատկություն ունեցող եւ թանձր», մածվել «կպչել, մակարդվել», մածուկ «բջջանյութի լուծույթ, խմորանման զանգված, թանձրուկ», մածական, մածան «կպչուն», «մածիկ» «ճեղքերը փակելու, արանքները լցնելու նjութ» եւ այլն: Այս շարքին է պատկանում նաեւ մածուն -ը: Մած արմատը հանդես է գալիս նաեւ բառավերջում. տախտակամած , այսինքնՙ «իրար կպած տախտակներ», փայտամած, թանձրամած «պինդ, անթափանց, թանձրորեն պատող», խավարամած, ծխամած եւ այլն:

Բնիկ հայերեն բառ էՙ ծագած հնդեվրոպական մած արմատից, որը նշանակում է «շաղախել, խմոր շինել»: Այս արմատից բազմաթիվ լեզուներում առաջացել են իմաստով իրար մոտ շատ ու շատ բառեր: Օրինակՙ ռուսերեն мазь, мазать, мажу, масло :

Մածուն բառով ունենք մի շարք դարձվածներ ու առածներ:

Մածնի աման լպստող ենք ասում ուրիշի մնացորդներով կերակրվողինՙ նկատի ունենալով, որ կատուն է լպստում ամանները:

Փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը . այսինքնՙ իմացած, փորձով արդեն հաստատված որեւէ բան ավելի նախընտրելի է, քան ավելի լավ, բայց չիմացած, չփորձած բանը:

Մածնին սեւ ասել . մեկի ասածը հաստատելՙ նույնիսկ բացահայտ սխալ կամ անիրավացի լինելը գիտենալով:

Մածուն բառը մեզնից փոխառել են հույները, վրացիներըՙ մածոնի , թուրքերըՙ մազուն : Վերջիններս ունեն նաեւ յոգուրտ , որը նույնպես «մածուն» է նշանակում եւ այժմ լայն գործածում ունի: (Ամենայն հավանականությամբՙ այդ բառն էլ առաջացել է հայերեն յուղ բառից:)

«Շատ հավանական է, որ մածուն բառի հետ ուրիշ ազգերը փոխառել են նաեւ մածուն պատրաստելու եղանակը», - գրում է Հր. Աճառյանը: Այդ բանը տեղի է ունեցել նաեւ վերջերս: Ռուսները, Կովկասում ծանոթանալով մածնին, վրացիներից փոխառել են մացոնի բառը, որն, ինչպես տեսանք, վրացիները մեզանից էին վերցրել, իսկ Նոր Նախիջեւանում (այժմՙ Դոնի Ռոստով) անմիջապես հայերից փոխառել են մածուն բառը ( мацун ):

«Կեսարացի մի հայ բժիշկ (դ-ր Տատրյան), վերջերս մածունը փոխադրելով ԱՄՆ, պատճառ եղավ անգլերեն մազոոն (մածուն) եւ մազոլ (յուղով խառնված մածունՙ թուլակազմ մարդկանց սննդի համար) բառերի փոխառության», - գրում է Հր. Աճառյանը դեռեւս 1898 թվականին:

Ինչպես տեսնում ենք, մեր բառը շրջում է աշխարհով մեկ ու նոր կերպարանք առած հետ վերադառնում, ինչպես մեր կտավ -ը, որը դարձել է քոտոն եւ հագուստի միջոցով հետ եկել: Նույն ճակատագիրն ունեն տատմեր -ն ու խաչերկաթ -ը, բակ -ը, միամիտ -ն ու շուրջպար -ը (վրացերենՙ շուշպարի ): Հետաքրքիր է թերմաշ բառը, որը նշանակում է «կիսամաշ, անտեր» ( թերմաշ դառնաս = «անտեր դառնաս»): Փոխառել են նաեւ թուրքերը, քրդերը, եւ հիմա, առաջին հայացքից, թվում է, թե մեր բառը չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ