ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ Ի՞նչ է նշանակում հակամետ, հակամիտություն : Այս բառը վերջերս սկսել են գործածել իր իմաստի լրիվ հակառակ նշանակությամբ, կարծելով, թե բառը համամիտ բառի հականիշն է, այսինքնՙ «մի բանի նկատմամբ հակառակ կարծիք ունեցող, ոչ միատեսակ մտածող, հակառակ մտածող»: Այնինչ հակամետ նշանակում է «մի բանի տրամադիր, մի բանի կողմը հակված»: Բանն այն է, որ այս բառում հակ -ը ոչ թե նախածանց էՙ «դեմ, ընդդեմ, հակառակ» նշանակություններով, այլ հակում բառի արմատն է, որ նշանակում է «թեքել դեպի մի կողմ», եւ, փոխաբերական առումով, «տրամադրել մի բան անելու»: Իսկ ի՞նչ է նշանակում մետ բաղադրիչը: Մետը կշեռքի լծակի միջին կետն է, ապաՙ կշեռքի նժար, թաթ, որից ծագել է միտել «հակել, թեքել, ծռել» եւ, փոխաբերական առումով, «հարել, կողմնակցել, ձգտել, տրամադրվել», որիցՙ միտում «որեւէ բանի զարգացման ուղղություն»: Մետ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հնդեվրոպական նախալեզվի med «չափել, կշռել» արմատից: Հետաքրքիր է, որ այս նույն արմատից է ծագում հայերեն միտք «խելք, բանականություն, ուշադրություն, իմաստ եւ այլն» բառը: Մետ արմատի «չափել, կշռել» իմաստից փոխաբերական առումով առաջացել է «դատել, խորհրդածել» իմաստը: Տեսնու՞մ եք, կշեռքից մինչեւ դատողությունՙ կշռադատում: Ուրեմն, եթե որեւէ մեկն ասում է, թե ինքը հակամետ է այսինչ բանը անելու, ապա նա ուզում է ասել, որ ինքը տրամադրված է, հակված է դա անելու, եւ ոչ թե հակառակը: |