ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ Այս զրույցում կխոսենք ուրդ բառի մասին: Իսկ թե ինչո՞ւ, կերեւա զրույցի վերջում: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակում այս բառը: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ ուրդ նշանակում է «առվի սկիզբը, որտեղից ջուրը մտնում է նրա մեջ», կամ պարզապես «փոքրիկ առու»: Այս բառի մասին Հր. Աճառյանը «Արմատական բառարանում» գրում է. ուրդ ՙ «պարտեզները ջրելու փոքրիկ առու», եւ չի տալիս որեւէ նոր նշանակություն ու չի բացատրում ծագումը: Գրիգոր Ղափանցյանը ուրդ բառը համարում է խեթերենից փոխառությունՙ վեդար ձեւից, որ նշանակում է «ջուր»: Ըստ Ղափանցյանիՙ խեթերեն watar բառը հայերենում պիտի տար վարդ ձեւը: Իսկ վարդ բառի «ջուր» նշանակությունը նա հանում է վարդավառ ձեւից, որը նշանակում է «ջրով լվանալը, ջրալվա»: Վարդ (ուարդ) բառի «ջուր» նշանակությունը պահպանվել է նաեւ մի շարք տեղանուններումՙ Եղիվարդ ՙ «վերին ջուր», Թաղավարդ ՙ «ներքին ջուր», Շաշվերդ ՙ «մեծ ջուր», Լաստիվերդ եւ այլն: ՈՒրդ բառի ծագման մեկ այլ տարբերակ է տալիս նշանավոր լեզվաբան Էդուարդ Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում: Ըստ նրաՙ ուրդ -ը հնդեվրոպական նախալեզվից է գալիս, եւ նրա նախնական իմաստն է «անցք, ջրի համար բացված ճանապարհ»: Այս իմաստով բառը նույնանում է հորդ «անցք, անցում, բացված ճանապարհ» բառին (չշփոթել յորդ ՙ «վարար, առատ, առատահոս» բառի հետ): Հորդ արմատից է հորդել -ը «ճանապարհ բացել, մաքրել»: Ինչու՞ այսքան խորացանք բառի ստուգաբանության մեջ: Ցույց տալու համար, որ այն բնիկ հայերեն բառ է, մեր հնագույն բառերից մեկը, որը հիմա գրեթե գործածական չէ: Բայց այդ բառը մեզ հիանալի կարող է ծառայել հիմա: Մեր բարբառներում ուրդը ավելի հաճախ մեծ առվից սկիզբ առնող ավելի փոքր առվի սկիզբն է, որ բացվում եւ փակվում է հատուկ հարմարանքովՙ քարով, տախտակով եւ այլն: Այդ հատուկ հարմարանքը ավելի շատ հայտնի է շլյուզ բառով: Հայերեն բառարանները դրա համար տալիս են շլյուզ, ջրարգելակ, անցախուց, լվացագուռ բառերը: Կարելի է դրանց գոնե որոշ մասի փոխարեն գործածել ուրդ բառը, որը կարճ է, բարեհունչ, մերն է, գալիս է դարերի խորքից: |