RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ

Այս զրույցում կխոսենք զրուցակցի որպիսությունն իմանալու դիմելաձեւերից մի քանիսի մասին: Եվ այսպեսՙ իմա՞լ ես, ի՞նչղ ես, ո՞նց ես, ինչպե՞ս ես :

Նախ տեսնենք, թե ինչեր կան թաքնված ինչպես բառի մեջ, երբ իրար հարցնում ենքՙ ինչպե՞ս ես:Պարզ է, որ կազմված է ինչ եւ պես բառերից: Իսկ ի՞նչ է ինչ -ը: Ինչ բառի արմատն է ի , որ նշանակում է «մի բան»: Հայցական հոլովովՙ զի «ինչու»: Ի արմատից ք, մն, նչ, ր ածանցիչներով կազմված են իք, իմն, ինչ, իր բառերը: Ինչ նշանակում է «մի բան, բան», ինչպես նաեւ արտահայտում է հարցում: Ինչ -ից է նաեւ ինչք -ըՙ «ունեցվածք, ստացվածք», որիցՙ ընչաքաղց -ն ու ընչասիրություն -ը:

Երկրորդ բաղադրիչըՙ պես -ը, նշանակում է «իբր, հանգույն, նման»: Համարվում է փոխառություն իրանյանից: Չնայած ո՛չ պահլավերենի, ո՛չ պարսկերենի մեջ չի պահպանված: Մի խոսքով, ինչպես նշանակում է «մի բանի նման, ինչի պես, ինչի նման»: Այս վերջին արտահայտությունըՙ ինչի նման , արագախոսության հետեւանքով դարձել է մեր բարբառային իմալ -ը: Այնպես որ իմալ -ը նույն ինչպես -ն է, ինչի նման -ը: Այդպիսի զարմանալի կրճատման օրինակ են նաեւ չումար, չում բառերը, որոնք առաջացել են ինչու համար ձեւից: Այսօր մեր աչքի առաջ կրճատվում է որովհետեւ բառըՙ դառնալով որտեւ , այստեղըՙ ստե եւ այլն:

Որպիսությունը իմանալու մյուս ձեւերից է ինչղ -ը կամ ինչխ -ը:

Այժմ տեսնենք, թե ինչղ բառն իմալ է կազմվել: Դրա համար նախ տեսնենք, թե ինչ է նշանակում ցեղ բառը: Ինչի՞ համար` վերջում պարզ կլինի:

Ցեղ - ազգատոհմ, սեռ, տոհմ: Հնուց ի վեր ավանդված ունենք ցեղապետ, ցեղընտիր ընտիր բառերը: Ցեղել (սերել, աճել), ցեղակից, բամացեղ եւ այլն: Գոյություն ունի նաեւ երկցեղ բառը, որը նշանակում է ոչ թե «երկու ցեղից բաղկացած», այլ «երկփեղկ, պառակտված»:

Ցեղ բառը բուն նշանակում է «բաժանություն», երկցեղությունը ՙ «անմիաբանություն, պառակտում»: Ի՞նչ կապ ունի այս ամենը ինչղ բառի հետ: Պարզվում է, որ ցեղ հնում նշանակել է նաեւ «պես, նման, կերպ»: Օրինակՙ հնում գրում էին. Դու իմ ցեղ չես ապրի, այսինքնՙ «դու ինձ պես չես մեծացել», այսցեղ քաջություն, այսինքն` այսպիսի քաջություն: Պարզ է, որ այսցեղի կողքին պիտի լինի ինչցեղը , որիցՙ ինչեղ , իսկ դրանից էլ` ինչղ :

Այսինքն, երբ ախալքալակցին կամ գյումրեցին ասում ենՙ ի՞նչղ ես, գավառցին ասում էՙ իմա՞լ ես, նրանք պարզապես ուզում են ասել` ինչպե՞ս ես: Պատասխանենք, որ լավ ենք եւ նույնը ձեզ ցանկանանք, սիրելի՛ ընթերցողներ:

Մյուս տարածված ձեւն է ոնցը : Ամենայն հավանականությամբ ոնց -ը կազմվել է ո հարցական անորոշ դերանունիցՙ նց ածանցիչով: Այնպես, ինչպես ք, մն, ր ածանցիչներով ոք, ոմն, որ բառերը: Ո-ն հետագայում իր տեղը զիջել է ով ձեւին: Միայն Ղարաբաղում է, որ պահել է իր նախնական հո՞ւ «ով» ձեւը: Ոնց -ը այնտեղ տվել է հունց , մեկ այլ բարբառումՙ վունց եւ այլն: Կա նաեւ որման ձեւըՙ «որպես, ինչպես» իմաստով: Սա եւս, ամենայն հավանականությամբ, կրճատմամբ առաջացել է որի նման ձեւից:

Այսինքնՙ ինչպե՞ս ես, ո՞նց ես, իմա՞լ ես, ի՞նչխ ես, հո՞ւնց ես, վո՞ւնց ես, որմա՞ն ես ձեւերը բոլորն էլ մերն են, բնիկ հայերեն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ