ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ Զարմանալի է, բայց փաստ, որ կան բազմաթիվ բառեր, որոնց գոյությունը պայմանավորված է պարզ սխալներով կամ թյուրիմացություններով: Այս զրույցում կանդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնց հետ կապված պատմությունները բավականին հետաքրքրաշարժ են: Ահավասիկ այդ բառերը: Ապաթարց . թարգմանաբար կազմված է հունարենի ապոստրոֆոս բառից (ապա + դարձ): Հայերենը պետք է լիներ ապադարձ : Հետագա արտասանությամբ դարձել է ապաթարց եւ այդպես էլ մտել բառարաններ: Արձագանք . ճշգրիտ գրությունն է արձագանգ , բարդված է արձ եւ գանգ բառերից: Արձ -ի համար որոշակի ստուգաբանություն չկա, իսկ երկրորդը գանգյուն «հնչյուն» բառի արմատն է: Կարծիք կա, որ արձ -ը արձան բառից է, որը նշանակում է «քար, ժայռ, վեմ»: Այսինքնՙ արձագանք նշանակում է «քարերի ձայն»: Շերամ . ճիշտ ձեւն է շերաս (մետաքսի որդը): Վերջին տառըՙ ս -ն, սխալ կարդացվելով (հավանաբար բութ (ՙ) նշանի պատճառով), դարձել է մ : Բառը սկսել են գրել շերամ : Սմբուկ . խոսքը անբարեհունչ բադրիջան (բադրջան, պատինճան) բառի մասին է: Արաբերեն անաբ բառից է, որը տվել է նախ հայերեն ամբուկ , իսկ հետո, ա եւ ս տառերի նմանությունից շփոթվելով, սմբուկ : Թանգարան . պարսկերեն թանգ (նեղ) բառից է, որ հետո ձեռք բերեց «մեծագին, սուղ» նշանակությունները: Արեւելահայերենում ունենք թանկ, թանկանալ, թանկանոց, թանկարժեք եւ այլ բառերը, բոլորը գրված կ -ով, արեւմտահայերենումՙ թանգարան , որը միակ բառն է գ -ով: Այս անմիօրինակությունը շփոթ է առաջացնում: Ճիշտ կլիներ թանգարան -ն էլ գրել թանկարան : Շագանակ . ճիշտ ձեւն է շահդանակ : Շագանակ բառը բառարան են մտցրել Մխիթարյան միաբաններըՙ ընտրելով մեր ձեռագրերում տարածված բազմաթիվ այլագրություններից: Բայց հետագայում պարզվել է, որ ճիշտ ձեւն է շահդանակ , այսինքնՙ «շահի սերմ, արքայական հատիկ», եւ խոսքը կանեփի սերմի մասին է եւ ոչ թե այսօրվա շագանակի: Գչիր . սխալ ընթերցման հետեւանքով առաջացած եւ բառարաններ մտած բառ է. սովորական գրիչ բառը սխալ գրելով եւ սխալ ընթերցելովՙ ստեղծվել է գչիր բառըՙ «շաղափ, ծակիչ» իմաստով: Եվ վերջում մի հետաքրքիր, ոչ ճիշտ մեկնաբանության մասին: Խոսքը չնաշխարհիկ բառին է վերաբերում: Չնաշխարհիկ . «արտակարգ կերպով լավ, գեղեցիկ, անզուգական, աննման»: Շատերը համարում են, որ բառը նշանակում է «չին աշխարհից բերած»: Այնինչ Աճառյանը պնդում է, որ այդ դեպքում բառը պիտի լիներ ճենաշխարհիկ : Եվ տալիս է իր ստուգաբանությունըՙ չնաշխարհիկ -ը կազմված է ոչ (չ) եւ աշխարհ բառերից: Այսինքնՙ «աշխարհից դուրս, ոչ այս աշխարհից, արտակարգ»: |